Բաժիններ՝

Գործարար Էդմոնդ Խուդյանը Հայաստանում հանդիպել է խաբված գնորդներից Լուսինե Գյուլխասյանին

Վաղը դատարանում վերջապես ցուցմունք կտա գործարարի ընկերության սնանկացման մասնակիցներից Էդուրդ Եսայանը

Հայաստանում միլիոնավոր դոլարների ներդրում կատարած, սակայն հետագայում իր հիմնադրած ընկերությունը սնանկացված հայտնաբերած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը օրեր առաջ Հայաստանում հանդիպել է Մաշտոցի 33-ումց տուն գնած, սակայն խաբված հերթական գնորդ Լուսինե Գյուլխասյանի հետ: Լուսինե Գյուլխասյանը, ինչպես արդեն հայտնի է, իր բնակարանի գործով դատավարությամբ վերջին նիստին էր միջնորդել վկայության հրավիրել նաև գործարար Էդմոնդ Խուդյանին: Վերջինս օգոստոսի առաջին տասնօրյակում Հայաստանում էր ինչպես տուժած գնորդի հետ հանդիպելու, այնպես էլ՝ այս պահին ՊԵԿ քննչական ծառայությունում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ որևէ նորություն ստանալու և փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հետ հետագա անելիքները ճշտելու համար:

Այն մասին, որ իր միջոցներով հիմնադրած ընկերությունը թալանել են ու չեն վճարել պետական հարկերը, ինչի արդյունքում Էդմոնդ Խուդյանն ու բազմաթիվ քաղաքացիներ կրել են հսկայական վնասներ, գործարարը բազմիցս է հայտարարել: Այս գործով իր և բազմաթիվ քաղաքացիների կրած վնասների մասին մեզ հետ զրույցում գործարարը նշեց, որ եթե նախկինում, երբ ինքը նոր էր հայտարարել հանցագործության մասին իր և բնակիչների համատեղ վնասները ակնհայտ չէին, ապա պետական հարկերը չվճարելու համար պետությունը հսկայական վնասներ էր կրել և դատախազությունը դեռ այն ժամանակ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեր ընկերության մնացած տարածքների վրա արգելանք դնելու ուղղությամբ և կանխեր մանգասարյանի կողմից ընկերության գույքի հետագա թալանը:

«Եթե ինձ և մի շարք գնորդների տուժող չէին ճանաչում, ապա Հայաստանի Հանրապետությունը հաստատ տուժել էր և պետական շահը պահանջում էր կանխել Մանգասարյանի կողմից փողերի լվացման հետագա գործունեությունը, սակայն Վ. Մանգասարյանն այն ժամանակ հնարավորություն ստացավ մնացած տարածքները ևս օտարելու:

«Այս պահին ընկերության սնանկացման վերաբերյալ գործի քննությունը շարունակվում է ՊԵԿ քննչականում, հանցագործներից Վլադիսլավ Մանգասարյանին առաջադրված է մեղադրանք և ես հույս ունեմ, որ վերջապես լուծում կստանան իմ գործով մյուս օրակարգային հարցերը: Իսկ այս պահին օրակարգային հարց է ընկերության մնացած գույքի վրա արգելանք դնելու խնդիրը, քանի որ հակառակ դեպքում ընկերությունից յուրացված տարածքները դեռևս շարունակվում են վերավաճառվել: Բացի դրանից՝ միլիոնավոր դալորների վնասներ կրելուց հետո ես մինչ օրս դատավարական կողմ չեմ, օրակարգային հարց է նաև իմ՝ տուժող ճանաչվելը, որպեսզի իրավասու լինեմ դիմումներ ներկայացնելու և գործի ընթացքին հետևելու»,- Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի հետ զրույցում նշեց գործարարը:

Նշենք նաև, որ ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը կշարունակվի գործարարի ներդրումներով կառուցված շենքից բնակարան գնած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ այս գործով վերջին դատական նիստում պարզվեց, որ դատահոգեբուժական կեղծ եզրակացության շնորհիվ դատարանը չի հարցաքննի Խուդյանի շենքից թալանված բնակարանի գործով գլխավոր վկային: Խոսքը վերաբերում է ներկայումս կալանավորված շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանին, ով թերևս դատաքննական փուլում արդեն բացահայտված փաստերից հետո հայտնի չէ ինչ եղանակներով փաստորեն խուսափեց դատարանում հարցաքննվելուց:

Բանն այն է, որ հունիսի 7-ին դատարան էր ստացվել Ռուբեն Մանգասարյանի վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը` խիստ կասկածելի բովանդակությամբ: Իսկ ամենակարևորն այն է, որ ըստ այդմ` դատարանում պետք է հրապարակվեն մինչդատական վարույթի ընթացքում Մանգասարյանի կողմից տրված ցուցմունքները, քանի որ հիմա նա, այսպես ասած, «ունակ չէ ճիշտ վերարտադրելու իրականությունը»:

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը այսպիսի մի փորձագիտական եզրակացություն կանխատեսելի էր համարում, քանի որ դատարանում արդեն լիովին պարզ է դարձել, որ մինչդատական վարույթի ընթացքում տրված ցուցմունքների հիմնական մասը կեղծ է եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուբեն Մանգասարյանի նախաքննական կեղծ ցուցմունքներին` դատարանում արդեն ամբողջությամբ պարզվել է, որ նրա ցուցմունքները լիովին կեղծ են և վաղուց բացահայտվել է, որ տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը:

Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքըտեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզես» ընկերությունից հայտնի Սևակ Արզարունու միջև` Վլադիսլավ Մանգասարյանի պարտքերի դիմաց:
Ի դեպ` ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպանը խնդրել է դատարանին Մանգասարյանի ցուցմունքները չդնել մեղադրանքի հիմքում, քանի որ դրանք անթույլատրելի ապացույցներ են, սակայն այդ հարցին դատարանը կանդրադառնա վճռի կայացման փուլում: Նախատեսված է, որ վաղվա դատական նիստում դատարանում վերջապես ցուցմունք կտա ամբաստանյալ Էդուարդ Եսայանը և կտա այն իրական անձանց անունները, ովքեր կանգնած են ինչպես այս, այնպես նաև մյուս տուժած քաղաքացիների բնակարանների թալանի ետևում: Դատական նիստը նշանակված է վաղը՝ ժամը 16.00-ին:

Հարգանքներով` Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս