Ռուսաստանում ադրբեջանցին կրակել է փողոցում աշխատող հայի վրա
Ըստ aysor.am-ի՝ ՌԴ Պետրոզավոդսկ քաղաքի ոստիկանությունը փնտրում է երկու տղամարդկանց, ովքեր օգոստոսի 17-ին կրակել են հայ տղամարդու ուղղությամբ: Interfax-ը հաղորդում է, որ Հայաստանի քաղաքացին վիրավոր է:
Օգոստոսի 17-ի երեկոյան շինարարական ընկերություններից մեկի աշխատանքային խումբը ճանապարհին վերանորոգման աշխատանքներ է իրականացրել: Աշխատակիցներին է մոտեցել արտասահմանյան արտադրության մեքենա, որում երկու տղամարդ է եղել: Նրանք սկսել են վիճել՝ ասելով, որ աշխատողներն իրենց խանգարում են:
Նրանք հեռացել են ու քիչ անց վերադարձել զինված: Մի քանի անգամ կրակել են աշխատողների ուղղությամբ ու հեռացել անհայտ ուղղությամբ:
Հայաստանի 29-ամյա քաղաքացին բազմաթիվ վնասվածքներ է ստացել, սակայն հոսպիտալացման կարիք չի եղել: Ըստ աղբյուրի՝ շինարարական ընկերության բոլոր աշխատակիցներն ունեն բնակության ու աշխատանքի իրավունք:
Հարուցվել է քրգործ: Մեղավորներին սպառնում է մինչև յոթ տարի ազատազրկում: Կասկածյալներն այժմ փնտրվում են:
Ըստ Gazeta.ru-ի՝ ոստիկաններին հայտնի է դարձել, որ միջադեպի մեղավոր երկու տղամարդիկ մոտ 25 տարեկան են, նրանցից մեկը Պետրոզավոդսկի բնակիչ է, երկրորդը՝ Ադրբեջանի քաղաքացի, նրա բնակության իրավունքի ժամկետը լրացել է: