Օղու բաժակը նետել է մատուցողի ուղղությամբ և վերջինս պարտադրել նստել իրենց սեղանին
«Արարատ» ռեստորանային համալիրի մատուցողի նկատմամբ բռնություն գործադրելու և ռեստորանային համալիրի գույք հանդիսացող օղու բաժակը կոտրելու համար 24-ամյա Էդիկ Հովսեփյանը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով ճանաչվել է մեղավոր և տուգանվել 250 000 դրամի չափով:
Էդիկ Հովսեփյանը, ըստ դատավճռի, «Արարատ» ռեստորանային համալիրի սրահում ոգելից խմիչքի ազդեցության տակ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով ռեստորանային համալիրի գույք հանդիսացող բաժակը նետել է մատուցող Հ.Փարամազյանի ուղղությամբ, այնուհետև պարտադրել նստել իրենց սեղանի շուրջ:
Մերժում ստանալով` այնտեղ գտնվող հաճախորդների ներկայությամբ Հովսեփյանը մատուցողի հասցեին բարձրաձայն հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ եւ քաշքշել նրան:
Էդիկ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 –րդ մասի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով` հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:
Դատարանը ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ է դիտել այն, որ նրա խնամքին կա մինչև 14 տարեկան մեկ երեխայի և որ կինը 18-19 շաբաթական հղիություն ունի: