
ՀՀ-ում ՌԴ դեսպանատան մոտ տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ նախապատրաստված նյութերն ուղարկվել են քննչական բաժին

2013 թ. օգոստոսի 17-ին, ժամը 22:55-ին. ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ աշխատողների և քաղաքացիների միջև վիճաբանություն է:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22:10-ի սահմաններում, մի խումբ քաղաքացիներ փորձել են մուտք գործել Գր. Լուսավորիչ 13ա հասցեում տեղակայված ՌԴ դեսպանատան հատուկ պահպանվող տարածք, վիճաբանության մեջ մտել տարածքում պահպանության ծառայություն իրականացնող աշխատակիցների հետ` չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին:
Նույն օրը, ժամը 23.25-ին, Երևանի քաղաքապետարանի դիմացից, նշված արարքը կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկվել քաղաքապետարանի մոտ ընթացող ակցիայի ակտիվիստներ` Մելիք Դավեյանը, Կարեն Հարությունյանը և Գոռ Առաքելյանը :
Ոստիկանության Կենտրոնական բաժնում Մ. Դավեյանը, Գ. Առաքելյանը և Կ. Հարությունյանը հրաժարվել են բացատրություններ տալուց:
18.08.2013 թ. նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Կենտրոնի քննչական բաժին: