
Եգիպտոսի քրիստոնյա պատրիարքի կարծիքով ճգնաժամից հնարավոր է դուրս գալ միայն հաշտեցման դժվար ճանապարհով

Եգիպտոսի քրիստոնեական խոշոր համայնքի պատրիարքը` Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թեոդորոս II-ը կարծում է, որ ճգնաժամից հնարավոր է դուրս գալ միայն հաշտեցման դժվար ճանապարհով: Այս մասին հաղորդել է Վատիկանի ռադիոկայանը` վկայակոչելով եգիպտական հեռուստաընկերությանը:
Թեոդորոս II-ը նշել է, որ Եգիպտոսը ծանր ժամանակներ է ապրում, որը լուրջ հետեւանքներ կունենա երկրի ապագայի համար: «Մենք միշտ հանդուրժողական հասարակություն ենք ունեցել, սակայն հիմա մեզ ցանկանում են պառակտել»,-ասել է պատրիարքը:
Նա հիշեցրել է, որ քրիստոնյաները կոչված են սիրել իրենց թշնամիներին եւ աղոթել նրանց ողջախոհության համար եւ այդ պատվիրանին հավատարիմ են մնում անգամ այնպիսի իրավիճակում, որում վերջին շրջանում հայտնվել է Եգիպտոսը:
Շաբաթ տեղեկություններ են ստացվել երկրում եւս հինգ քրիստոնեական տաճարների հրկիզման վերաբերյալ, հիմա դրանց ընդհանուր թիվը 44 է: Վատիկանի ռադիոկայանը հաղորդել է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը շարունակում է «աճող մտահոգությամբ հետեւել Եգիպտոսից ստացվող անհանգստացնող նորություններին»: