Բաժիններ՝

Անվճար բուժօգնության ակցիան շարունակվում է

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրի առողջապահական ակցիայով օգոստոսի 16-ի դրությամբ մայրաքաղաքի բուժհաստատություններ արդեն դիմել է շուրջ 1600 քաղաքացի, որոնցից 93-ը սիրտ-անոթային խնդիրներով ուղեգրվել են մասնագիտացված հիվանդանոցներ։

Երևանի քաղաքապետարանի ենթակայության Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում «Երևանյան ամառ» ծրագրին այս շաբաթ լրացուցիչ օր է հատկացվել՝ հիվանդանոցի բնականոն աշխատանքը չգերբեռնելու նպատակով։ Միայն օգոստոսի 17-ին Նորք-Մարաշ բժշկական կենտրոնում հերթագրվել և համալիր  բուժհետազոտություն է անցել շուրջ 100 քաղաքացի և ստացել բուժման ուղեգրեր։

Մինչև օգոստոսի 31-ը համաերևանյան առողջապահական ակցիայով համաբուժարաններ դիմած քաղաքացիներն անճար բուժօգնություն կստանան, եթե անգամ հետազոտության կամ վիրահատության նշանակված ժամկետը գերազանցի ակցիայի սահմանված օրը։ Սիրտ–անոթային, գինեկոլոգիական և վահանագեղձի անվճար հետազոտությունների համար պետք է անձնագրով ներկայանալ սպասարկող համաբուժարան, դիմել տեղամասային բժշկին։ Լրացուցիչ հետազոտության անհրաժեշտության դեպքում քաղաքացիներն ուղեգրվում են ստացիոնար բուժման, ինչպես Երևանի քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ մի շարք մասնավոր հիվանդանոցներ, որոնք ակցիայի շրջանակում համագործակցում են քաղաքապետարանի հետ։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս