Բաժիններ՝

Աննախադեպ միջադեպ «օրենքով գողերի» մասնակցությամբ. Էդիկ, Սերգեյ Ասատրյաններն ու Տախին ծեծի են ենթարկել վրացի հեղինակություններին

Ինչպես հաղորդում է «Прайм Крайм» գործակալությունը, երեկ Թուրքիայում տեղի է ունեցել մի միջադեպ, որը կարող է բեկումնային նշանակություն ունենալ 6 տարի շարունակվող գողական հակամարտության համար։ Հակամարտող կողմերը, որոնք մինչ այժմ հեռվից հայհոյում էին միմյանց, հանդիպել են դեմ առ դեմ։

Ստամբուլի հյուրանոցներից մեկում, որտեղ նախօրեին տեղի ունեցած թագադրման արարողությունից հետո հանգստանում էին Դեդ Հասանի կլանի ներկայացուցիչները, առավոտյան հայտնվել են մի խումբ վրացի քրեական հեղինակություններ, այդ թվում՝ Վաժան, Կոկան, Պարպալիան, Ռեզո Լորտկիպանիձեն, Գոգիտան, Իրակլի Գուտան, Կախա Պարպալիան և այլոք։ Հյուրանոցի այցելուների մի մասն այդ պահին գտնվել է համարներում, մյուսները՝ նստած են եղել հյուրանոցի սրճարանում։ Սեղաններից մեկի շուրջ տեղավորվել են Գելա Կարդավան, Պաատ Մալենկին, Ռոլանդ Գեգեչկորին, Մամուկա Չկադուան և Մացիկը։ Վերջիններիս անսպասելի մոտեցել են անկոչ հյուրեր՝ Տախին, Ռովշանը, Գուրամը, Էդիկը և Սերյոգան։ Նրանցից յուրաքանչյուրն ասելու բան ուներ Գելային, իսկ վերջին երեքը՝ ավելին, քան միայն ասելը։

Սկզբում Էդիկը (Էդուարդ Ասատրյանը՝ Էդիկ Թբլիսսկի,) ակնհայտ հեգնանքով հարցրել է Գելային, թե վերջինս «այս անգամ իր իրերից ի՞նչ է թողնելու որպես գրավ՝ աննկատ փախչելու համար»։ Հետո միջամտել է Տախին և ամենայն լրջությամբ Գելայից պահանջել է ներկաների մոտ կրկնել, թե ով է «ոչ գող» և «քիլլեր»։ Գելան նման անբարենպաստ իրավիճակ կարող էր պատկերացնել միայն մղձավանջերում։ Նա սկսել է արդարանալ` ասելով, որ ինչ-որ մեկը խառնակչություն է անում՝ իր հարաբերությունները «օրենքով գողերի» հետ փչացնելու նպատակով։ Ավելին՝ որպես գլխավոր խառնակիչ Գելան ներկայացրել է այդ պահին բացակա Միրոնին, նրան մեղադրել ամենածանր մեղքերի մեջ և անգամ կարծիք հայտնել, որ վերջինս իրականում պետանվտանգության աշխատակից է՝ մայորի կոչումով։

Հյուրերը, համոզվելով, որ խոսակցությունն այլևս իմաստ չունի, խոսքից անցել են գործի։ Տախիից սկսած՝ յուրաքանչյուրը մեկ անգամ հարվածել է Գելային։ Երբ հերթը հասել է Ռովշանին, Գելան փախել է։ «Օրենքով գողերը» նրան չեն հետապնդել, այլ հետևից ծաղրելով ասել են. «Փախիր, Գելա, դու 20 քայլ ֆոռա ունես»։

Այնուհետև հյուրերն անցել են Պաատ Տվալչրեձիեին, որի մասնակցությունը Գելա Կարդավայի գործերում շատերի համար տհաճ բացահայտում է եղել։ Հասկանալով, որ հիմա իրեն կծեծեն, Պաատը հարցրել է Տախիին՝ արդյո՞ք վերջինիս խիղճը թույլ կտա, որ իր վրա ձեռք բարձրացնի։ Տախին ի պատասխան հարցրել է՝ ի՞նչ խղճի մասին կարող է խոսել մարդը, որը նստած է Գելայի կողքին։ Եվ չսպասելով պատասխանի՝ ավելացրել է՝ ձեռք բարձրացնելու համար խիղճը չի բավականացնում, դրա համար էլ ինքը կհարվածի ոտքով։ Տախին իր ասածն արել է և «գողական լեզվով» ցույց տվել Պաատին նրա նոր կարգավիճակը։

Ծեծից փրկվել է միայն Մամուկա Չկադուան՝ փախուստի միջոցով։ Ասում են՝ նա վախից թռել է այնպիսի բարձր ցանկապատի վրայով, որից անգամ Ելենա Իսինբաևայի գլուխը կարող էր պտտվել։

Մյուսների բախտը չի բերել։ Էդիկը աթոռը կոտրել է իր վաղեմի թշնամու՝ Մացիկի գլխին։  Տուժել է նաև Ռոլանդը, երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց ծանր վիճակում։ Մերաբ Մզարլեուան, Զվիադը և Բեսո Կվինիխիձեն լուրջ վնասվածքներ չեն ստացել։

Ինչպես գրում է «Прайм Крайм»-ը, Գելա Կարդավայի և նրա շրջապատի ճակատագիրը գրեթե պարզ է։ Հեղինակությունը վերականգնել նրան թույլ չեն հենց «հասանյան» կլանի նրա ներքին մրցակիցները։ Ըստ խոսակցությունների՝ Կարդավայի թագադրած 7 «օրենքով գողերը» արդեն հրաժարվել են իրենց կոչումներից։ Այժմ շատ բան կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կցուցաբերեն Դեդ Հասանի կլանի՝ սլավոնական թևի ներկայացուցիչները։ Գելի մոտ ընկերը՝ Վովա Պուխլին, արդեն ձեռքերը լվացել է յոթ հոգու թագադրման արարողությունից՝ ասելով, որ ինչքը չի իմացել, թե ուր է գալիս, և որ իրեն փաստի առաջ են կանգնեցրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս