
Շուրջ 1000 կամավորներ են մասնակցել «Եռաբլուր» պանթեոնի տարածքում կազմակերպված մաքրման աշխատանքներին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում շարունակվում են հանգստի գոտիների և անտառպուրակային տարածքների, ինչպես նաև քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերում «Ավելի մաքուր Երևան» ծրագրի շրջանակում շաբաթ օրերին իրականացվող սանիտարական մաքրման աշխատանքները:
Այս շաբաթ շուրջ 1000 կամավորներ, այդ թվում՝ քաղաքապետարանի ենթակայության կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ, երկրապահներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ են մասնակցել «Եռաբլուր» պանթեոնում կազմակերպված մաքրման աշխատանքներին: Տարածքի սանմաքրմանը միացել են նաև Երևանի ավագանու` «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցությունից մեկ տասնյակից ավելի անդամներ, «Բարև Երևան» խմբակցությունից` ավագանու մեկ անդամ:
Աշխատանքներին տեղում հետևել է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
« «Ավելի մաքուր Երևան» ծրագրով այսօր մաքրվում է Եռաբլուր հուշահամալիրի ամբողջ տարածքը: Նախորդ տարի անցկացված ոռոգման նոր ցանցի շնորհիվ կարողանում ենք զուգահեռաբար ապահովել նաև տարածքի ոռոգումը: Աշնանն այստեղ նաև ծառատունկ կկազմակերպվի »,-նշել է Կամո Արեյանը, հատուկ շնորհակալություն հայտնելով բոլոր կամավորներին, սրտացավության և ակտիվության համար:
Բոլոր մասնակիցներին քաղաքապետարանն ապահովել էր անհրաժեշտ գործիքներով և պարագաներով:«Ավելի մաքուր Երևանը» հաջորդ շաբաթ Արաբկիր վարչական շրջանում է լինելու:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն