Հայաստանը եղել և մնում է արձագանքող երկիր. Լարիսա Ալավերդյան
Այն փոփոխութունների համատեքստում, որոնք տեղի են ունենում, մի խնդիր կա, որ անտեսվում է ՀՀ իշխանությունների կողմից՝ ներքին զարգացումների բացակայությունը: Հայաստանը, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, եղել և մնում է արձագանքող երկիր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լարիսա Ալավերդյանն ասաց, թե ՀՀ արտաքին քաղաքականության բացը հենց նախաձեռնողական քաղաքականության բացակայությունն է: Նա նշեց, որ արտաքին և ներքին քաղաքականություններն առանձին չեն՝ լրացնում են միմյանց, ապա ավելացրեց, որ Հայաստանը չպետք է շարունակի առանց նախաձեռնությունների քաղաքականություն վարել: «Երբ մենք սկսեցինք նախաձեռնողական քաղաքականություն, կլինի նորություն: Բայց այսօր ես ոչ մի նշույլ պրոիշխանական վերլուծաբանների կողմից նախաձեռնողականության մասին գործողությունների չեմ լսում: Ես միշտ սպասելու եմ, կհասնի այդ պահը, երբ ՀՀ-ն իրեն կպահի՝ լինի խոշոր, ուժեղ՝ ագրեսիվ պետոության նկատմամբ՝ որպես ինքնուրույն սուբյեկտ»:
168.am-ը հետաքրքրվեց, թե ՀՀ արտաքին քաղաքականությանն թերությունների պատճառո՞վ էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չայցելեց Հայաստան, չնայած խոստումներին, բայց փոխարենը հանդիպեց Ադրբեջանի նախագահի հետ: Ի պատասխան Լարիսա Ալավերդյանն ասաց. «Քաղաքականությանը մանկամտությամբ մոտենալ պետք չէ: Պուտինի համար Հայաստանի ցանկացած շեղում Եվրասիական միությունից, որքան էլ մեզ համար մեկ լինի, իրենց համար մեկ չէ՝ մենք իրենց մարմնին կպած մի մաս ենք կարծես: Իրենք էլ միամտորեն մեզ վերաբերվում են այնպես, ինչպես մենք իրենց հանդեպ: Ոչ թշնամի է հիմա իրենց պետք ճանաչել, ոչ ընկեր. պետք է ՌԴ-ին վերաբերվենք որպես գործընկեր: Դրանք դիվանագիտական խաղեր են, ընդունված հնարքներ, եթե սպասելիք կա, զիջելու բան կա… Երբ ասում եմ՝ պետք է համակարգային փոփոխություն, այդ թվում՝ իշխանության դեմքերով, ես նկատի ունեմ սա: Պատկերացրեք ինչ դժվար է, որ տարիներ շարունակ մի բան ես ասում ու մեկ էլ հանկարծ թուր-թվանքը կապում ես, սառը դեպքով ասում ես՝ոչ»: Մեր դիտարկմանը, թե իշխանությունը չի ընդունում, որ սայթաքել է այդ հարցում, Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, թե անհրաժեշտության դեպքում Պուտինը կգա Հայաստան, Լ. Ալավերդյանը արձագանքեց. «Գ. Սահակյանին վերաբերում եմ որպես Հանրապետական դասականի, բայց թույլ տվեք ինձ չհամաջձայնվել: Չեմ կարծում, որ շատ հարգված լիդերների հայտարարություններով պետք է շարժվել: Պետք է տեսնել ճշմարտությունը, իսկ այն մեզնից ոչ մեկ չի թաքցնում: Դրա համար անթաքույց ուրախացել եմ, որ ասել են կգա Պուտինը, բայց չի եկել»:
Ինչ վերաբերում է Պուտինի Բաքու այցելության իրական պատճառներին, Լ. Ալավերդյանի որակմամբ, անգամ մրջյունը, երբ բեռը է վերցնում, միայն մեկ պատճառով չի, որ շարժվում է. «Պուտինն էլ մի պատճառով չէր բավարարվի: Բացառվում է, որ նա Ադրբեջան գնա մեկ պատճառով. դա հարցերի փունջ է: Հետո նկատեք, որ Վ. Պուտինն արել է Ալիևին ամենամեծ նվերը նախագահական ընտրություններից առաջ: Եթե նա գնար Բաքու ու միայն ձեռքը թափահարեր ու հետ գար, դա հանգստացնող հանգամանք կլիներ Ալիևի կլանի համար»: