«Ընդդիմությունը խոցելի է զավթած իշխանության քաղաքականության հետևանքով»

«Հայաստանում ներքին զարգացումների բացակայություն կա իշխանությունների քաղաքականության պատճառով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

168.am-ը հետաքրքրվեց, թե ներքին քաղաքականության բացակայությունը հավասարապես ընդդիմության մեղքով չէ՞ նաև, ինչին ի պատասխան նա նշեց, թե ընդդիմությունը խոցելի վիճակում է. «Ես պաշտպանելու եմ ընդդիմությանը: Ես կանգնելու եմ խոցելիների կողքին: Ընդդիմությունը խոցելի վիճակում է հայտնվել զավթած իշխանության շարունակական քաղաքականության պատճառով: Ընդդիմության վիճակը արձագանքն է չկայացած իշանության:

Ըստ Լարիսա Ալավերդյանի՝ ուժեղ իշխանությունը արժանապատիվ ընդդիմության արդյունքն է: «Սա երկկողմանի պրոցես է, ոչ թե միակողմանի: Այն պետությունները, որոնք պարծենում են իրական ժողովրդավարությամբ, հասկացել են, որ քաղաքական փոքրամասնությունը զարգացնել է պետք: Իսկ Հայաստանի գործող իշխանությունը չի արձագանքում ընդդիմությանը՝ դրանով ցույց տալով իր ոչ կայացած լինելը: Վերցնում են իշխանությունն ու ասում՝ ինչ ուզում եմ՝ կանեմ: Երբ ուղղակի տասը զոհ ես տալիս, մինչ այդ վիրավորներ մեծ քանակով, սպառնալիքներով են հանդես գալիս, ձեռ են առնում երիտասարդ բողոքող խավին… Իհարկե ընդդիմությունը պետք է ջանա չեղած դեպքում ուժեղանալ, բայց իշխանությունը պետք է ստեղծի պայմաններ»:

Նա շեշտեց, որ համաձայն չէ այն տեսակետներին, թե կուսակցությունները իրենց սպառել են՝ տեղի տալով քաղաքացիական շարժումներին: Նրա խոսքով, հայաստանյան ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը դյուրահավատ է և սխալ է գործում՝ փորձելով բանակցել իշխանության ներկայացուցիչներից մեկի հետ. «Որևէ պահին, իշխանության մեջ նորմալ մարդու հետ պայմանավորվելու մտադրության են գնում ընդդիամդիրները: Սա սխալ է ու հենց այն ծուղակն է, որի մեջ քաղաքական կուսակցությունները ընկնում են»:

Տեսանյութեր

Լրահոս