
Հովիկ Աբրահամյանը ցանկանում է Արարատի քաղաքապետ դարձնել իր որդո՞ւն. մամուլ

«Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո այստեղ նոր ընտրություններ կանցկացվեն»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը և շարունակում.
«Նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը չի բացառում իր թեկնածության առաջադրումը։ «Դեռևս հստակ չէ, ոչ կարող եմ ասել, թե կառաջադրվեմ, ոչ չեմ առաջադրվի»,- երեկ մեր լրագրողին հայտնել է նա։
Հիշեցնենք, որ 2011թ. անկուսակցական Հակոբ Թովմասյանն առաջադրել էր թեկնածությունը, սակայն ընտրություններից մեկ օր առաջ ինքնաբացարկ էր հայտնել և կոչ արել իր համակիրներին չմասնակցել ընտրություններին, սակայն նրա անունը մնացել էր ցուցակում, և նրա օգտին քվեարկողներ էլ էին եղել, ստացել էր 230 քվե:
Դեռ այն ժամանակ խոսվում էր, թե Թովմասյանին գաղտնի աջակցում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։ Ի դեպ, նաև տեղեկություններ են շրջում, որ Աբրահամյանը ցանկանում է Արարատի քաղաքապետ դարձնել իր որդուն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանին»: