Երևանին մտահոգում են Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին տեղեկությունները
Հայաստանի պաշտպանության նախարարը «մի քիչ իրատեսական» չի համարում Ադրբեջանին 4 միլիարդ դոլարի ռուսական զենքի վաճառքի մասին հայտարարությունները: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր այցելել է Ծաղկաձորում մեկնարկած «Բազե» համահայկական երիտասարդական ճամբար: Երիտասարդների հետ հանդիպումից հետո պաշտպանության նախարարը պատասխանել է «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանո՞վ է Հայաստանի համար սպառնալիք Ադրբեջանի կողմից շուրջ չորս միլիարդ դոլարի ռուսական զենք ձեռք բերելու մասին տեղեկությունը:
Հիշեցնենք, այդ մասին, մասնավորապես, հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Ռուսաստանյան մամուլի հրապարակումների համաձայն, չորս միլիարդ դոլարը վերաբերում է միայն 2010-ից ի վեր Բաքվի և Մոսկվայի միջև կնքված գործարքներին։
«Գիտեք, Հայաստանի շուրջը սպառնալիքները բավականին շատ են և այդ սպառնալիքների ուղղությամբ մենք լուրջ պլանավորում ենք իրականացնում: Մեր զինված ուժերի զարգացման հիմքում հենց ընկած են այդ սպառնալիքների, անվտանգության միջավայրի ուսումնասիրման հենքի վրա կառուցված միջոցառումները», – նշել է Օհանյանը, – «Իհարկե, սպառազինումը որոշակիորեն մտահոգիչ է մեզ համար: Թվերը, որոնք ասվում են, մի քիչ իրատեսական չեն: Թվերը, որոնք որ ասում են, միգուցե մինչև վերջ չեն հասնում՝ հաշվի առնելով ադրբեջանական իրականությունը: Բայց, այնուամենայնիվ, այս բոլորին մենք տիրապետում ենք»:
Հայաստանի պաշտպանության նախարարը հավելեց․ – «Ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը միջպետական համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է, և մենք չենք կարող դրանք կանգնեցնել, ասել լավ է, որ այսպես է, կամ վատ է: Իհարկե, մենք համարում ենք, որ դա այնքան էլ լավ չէ, բայց հավատացեք, որ մենք դրա հանդեպ էլ ունենք պլանավորած միջոցառումներ և մեր երկրի ղեկավարությունը, գերագույն գլխավոր հրամանատարը լուրջ մտածում է այդ ուղղությամբ»: