Փաստաբանը մեղադրվում է թմրամիջոցի իրացման գործով ապացույց կեղծելու մեջ
Փաստաբան Լևոն Գյուլումյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ կեղծելու մեջ։ «Փաստինֆո»-ի հավաստի տեղեկությունների համաձայն, օրերս փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով։
Ըստ մեղադրանքի՝ ապացույց է կեղծվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական գործով, որի շրջանակներում փաստաբանն իրականացրել է թմրամիջոց իրացնելու համար որպես մեղադրյալ ներգրավված Վաչագան Զաքարյանի շահերի պաշտպանությունը։
Պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը փոխելու համար, ըստ նախաքննական մարմնի, փաստաբանը Զաքարյանի հարազատների միջոցով սույն գործով մեկ այլ մեղադրյալ Ա.Հովհաննիսյանի կնոջն է փոխանցել իր իսկ կողմից կազմված եւ դեպքի հանգամանքներին չհամապատասխանող, կեղծ փաստական տվյալներ պարունակող դիմում, որպեսզի վերջինս նույնաբովանդակ դիմում ներկայացնի նախաքննական մարմնին։
Փաստաբանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումից տեղեկանում ենք, որ դրանով փորձ է արվել փոխել Հովհաննիսյանի՝ թմրամիջոցի ձեռքբերման աղբյուրը և Զաքարյանին ազատել նրան թմրամիջոց իրացնելու համար առաջադրված մեղադրանքից, քանի որ կնոջ անունից ներակայացված դիմումում նշվում էր, թե ամուսինը՝ մեղադրյալ Ա. Հովհաննիսյանը թմրամիջոցը ձեռք է բերել ոչ թե Վաչագան Զաքարյանից, այլ ոմն «Վլեից»։ Դիմումին հաջորդել է փաստաբան Գյուլումյանի միջնորդությունը՝ մեղադրյալ Զաքարյանին քրեական պատասխանատվությունից ազատելու մասին։
Քրեական գործով նախաքննությունն իրականացնում է ոստիկանության Արմավիրի մարզի քննչական բաժինը։