Բուժական սխալները Գուրգեն Խառատյանի մահվան հետ պատճառահետևանքային կապի ունեն
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, որն առաջացրել է բուժվող հիվանդի՝ Գուրգեն Խառատյանի մահը։
2012 թվականի նոյեմբերի 18-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է ընդունվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ, 1995 թվականին ծնված Գուրգեն Խառատյանը, որը «Ինֆեկցիոն տոքսիկ շոկ, ԴՎՍ սինդրոմ, երկկողմանի թոքաբորբ, սուր շնչառական և սիրտ անոթային անբավարարություն» ախտորոշմամբ, տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Նույն օրը՝ ժամը 23:50-ին, Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, Գուրգեն Խառատյանը մահացել է:
Գուրգեն Խառատյանի մահվան պատճառները պարզելու նպատակով Լոռու մարզի քննչական բաժնի Գուգարքի քննչական բաժանմունքում նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն։ Օրեր առաջ ստացված եզրակացության համաձայն, բուժհաստատություններում Գուրգեն Խառատյանի վիճակի ճիշտ ախտորոշում չի իրականացվել, բուժմիջոցառումներն իրականացվել են ոչ լիարժեք ծավալներով, ոչ ժամանակին, ոչ պատշաճ և թույլ տրված ախտորոշիչ և բուժական սխալները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ Գուրգեն Խառատյանի մահվան հետ:
Փաստի առթիվ դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օերենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրեական գործն ուղարկել Լոռու մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար:
ՀՀ գլխավոր դատախազություն