Սկեսրայրը պարբերաբար ծեծել է հարսին
Հարսին 2 անգամ ծեծի ենթարկելու համար սկեսրայրը Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով տուգանվել է մի դեպքում 50.000 դրամ, իսկ մյուս դեպքում 70 000 դրամ: Ըստ «Փաստինֆոյի»՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով դատարանը վերջնական պատիժ է նշանակել տուգանք 100.000 դրամ: Ինչպես դատական ակտից տեղեկանում ենք Հուսիկ Հովսեփյանը անձնական փոխհարաբերությունների շուրջ վիճաբանության ընթացքում ծեծի է ենթարկել իր հարսին՝ դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածք, որն արտահայտվել է աջ բազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի արյունազեղման ձևով:
Ծեծը կրկնվել է նաև օրեր անց: Նախաքննական մարմինը Հուսիկ Հովսեփյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել չհեռանալու մասին ստորագրությունը: Մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ իրեն լիովին մեղավոր ճանաչելով առաջադրված մեղադրանքում: Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ ամբաստանյալը տվել է խոստովանական ցուցմունքներ և անկեղծորեն զղջացել կատարածի համար: Այլ խոսքով՝ հարսին պարբերաբար ծեծելը մեր երկրում արժե 100.000 դրամ: