Բաժիններ՝

Բողոքի ակցիա՝ գազի և էլեկտրաէներգիայի գնի թանկացման դեմ

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այսօր Վարչական դատարանի դիմաց մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են անցկացրել գազի և էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ակցիային ներկա է եղել նաև Անդրիաս Ղուկասյանը, ով նշել է, թե գազի գնի թանկացումից հետո արդեն երրորդ անգամ հայց է ներկայացվում վարչական դատարան հանրային ծառայությունները կարգավորող խորհրդին՝ գազի և էլեկտրաէներգիայի գնի թանկացման որոշումներն անվավեր ճանաչելու դիմումով, սակայն երկու անգամ դատարանը մերժել է հայցը՝ պատճառաբանելով, որ գազի և էլէկտրաէներգիայի գների դեմ հայցերը չեն կարող միասնական հայցով ընդունվել:

Ինչպես հայտնել է ակցիայի մասնակից Լուսինե Հովսեփյանը, այս անգամ արդեն հայցերն ուղարկվել են առանձին, չնայած գազի և էլէկտրաէներգիայի գներն անմիջականորեն կապված են իրար հետ: «Այս անգամ մենք հայցը ներկայացրել ենք այնպես, ինչպես պահանջել է դատարանը, սակայն հարկ եմ համարում նշել, որ մենք պահանջել ենք հրապարակել հանրային ծառայությունները կարգավորող խորհրդի գազի և էլեկտրաէներգիայի գների թանկացման վերաբերյալ որոշումները, սակայն այն չի հրապարակվել այն դեպքում, երբ ՀԾԿԽ-ի ամբողջ գործունեությունը պիտի բաց լինի հանրության համար»,- նշել է Հովսեփյանը:

Ի դեպ, ակցիան վերահսկող ոստիկաններից մեկը որոշել էր այն վերահսկել տեսախցիկի օբյեկտիվից. նա կանգնել էր լրագրողներից քիչ հեռու և նկարահանում էր ակցիայի ամբողջ ընթացքը: Իսկ ակցիայի մասնակիցներից մեկն էլ շարունակ կրկնում էր. «Դատարան, քեզ դատարանի նման պահիր, թե չէ՝ դու ես հայտնվելու դատարանի առաջ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս