Բաժիններ՝

Ոստիկանությունում Ֆելիքս Գևորգյանին խոշտանգումների ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ

Դատախազը վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի որոշումը և հարուցել քրեական գործ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից ոստիկանության բաժին բերման ենթարկված Ֆելիքս Գևորգյանի նկատմամբ բռնություն գործադրելու փաստի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազը, ուսումնասիրելով ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից Ֆ.Գևորգյանին խոշտանգումների ենթարկելու մասին Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 2013թ. հունիսի 17-ի գրության հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվող նյութերը, պարզել է, որ նախաքննական մարմնի կողմից գողության մեջ մեղադրվող Ֆ.Գևորգյանը 2012թ. ապրիլի 28-ի դատավճռով ճանաչվել է անպարտ և արդարացվել:

Արդարացման հիմքում դատարանը դրել է նաև այն եզրահանգումը, որ դեռևս նախաքննության ընթացքում Ֆելիքս Գևորգյանն իր խոստովանական ցուցմունքը պայմանավորել է ոստիկանության աշխատակիցների կիրառած խոշտանգմամբ, սակայն տվյալ հայտարարության հիման վրա հետագա քննությունը կատարել և դատավարական որոշումը կայացրել է կրկին ոստիկանության քննիչը։

Այսինքն՝ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել կիրառված ֆիզիկական բռնությունների վերաբերյալ մեղադրյալի հայտարարությունների ստուգման և նրան ենթադրաբար խոշտանգած անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, ինչը հանգեցրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 3-րդ, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 4-րդ հոդվածների, ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 7-րդ մասից բխող պահանջների անտեսմանը։

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հիշյալ դատավճիռը գործով մեղադրողի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որի 2012թ. հուլիսի 9-ի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը բեկանվել է, գործն ուղարկվել նույն դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալ։

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ֆելիքս Գևորգյանի դիմում-բողոքի հետ կապված դեպքին առնչվող անձանցից անկախ մարմնի` ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից քրեական գործի քննության դեպքում է միայն հնարավոր խոսել արդյունավետ քննության նվազագույն չափորոշիչներից մեկն ապահովելու մասին և միայն այդպիսի քննությունը կարող է պատասխանել այն հարցին՝ անձի նկատմամբ խոշտանգումներ կիրառվե՞լ են, թե՞ ոչ։ Հետևաբար, նախաքննության ընթացքում խոշտանգումների ենթարկվելու վերաբերյալ Ֆելիքս Գևորգյանի դիմում-բողոքը քննության առարկա պետք է դառնա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում և միայն դրանից հետո դատարանը կարող է եզրահանգման գալ ամբաստանյալի մեղավորության կամ անմեղության մասին։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2012թ. հուլիսի 9-ի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործը վերադարձվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որի 2013թ. հունիսի 17-ի գրությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն իրազեկվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջի մասին, կից ուղարկվել է նաև իրեն խոշտանգումների ենթարկելու վերաբերյալ Ֆելիքս Գևորգյանի 2011թ. հոկտեմբերի 17-ի դիմում-բողոքը։

Նկատի ունենալով վերոգրյալը՝ դատախազը վերացրել է Ֆ.Գևորգյանի դիմում-բողոքի հիման վրա քրեական հետապնդում չիրականացնելու մասին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի՝ 2011թ. նոյեմբերի 28-ի որոշումը եւ նրա նկատմամբ բռնություն գործադրելու, վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու փաստի առթիվ հարուցել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս