Բաժիններ՝

ՀՀ գլխավոր դատախազությունը դիմել է Կիպրոսի դատախազությանը` օֆշորային գործի վերաբերյալ Կիպրոսում քննչական գործողություններ իրականացնելու համար

ԳԱԼԱ-ն հարցում էր ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվության վարչություն՝ օֆշորային սկանդալի հետ կապված որոշակի պարզաբանումներ ստանալու համար:

Կայքը հետաքրքրվել էր՝ արդյոք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` Կիպրոսի դատախազին իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջնորդության կրկնօրինակներին ծանոթացել և դրանց պատասխանն ուղարկվե՞լ է, իսկ եթե ոչ, ապա ոստիկանությունը չի՞ պատրաստվում դիմել Կիպրոսի դատախազին` պարզաբանումներ ստանալու, թե ինչ է իրականում կատարվել Կիպրոսում, արդյոք Կիպրոսի դատախազը շարունակո՞ւմ է պնդել, որ առանց ստորագրության այնտեղ հնարավոր չէ օֆշորային ընկերության բաժնետեր դառնալ:

Ոստիկանությունը պատասխանել է, որ քրեական գործով նախաքննության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության միջոցով Կիպրոսի դատախազությանն ուղարկվել են միջազգային իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ միջնորդություններ` Կիպրոսի տարածքում համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու խնդրանքով, որոնց պատասխանները դեռևս չեն ստացվել:

Կայքը հետաքրքրվել էր նաև՝ արդյոք Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը չի՞ հետևել Տիգրան Սարգսյանի օրինակին և չի՞ դիմել ոստիկանություն` պարզելու համար, թե ով է իր անունը գրանցել օֆշորային ընկերությունում: Ոստիկանությունից տեղեկացնում են, որ նման դիմում չեն ստացել:

Ոստիկանությունից ԳԱԼԱ-ի հարցմանն ի պատասխան նշել են նաև, որ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված ՀՀ վարչապետի դիմումը, որում վերջինս ցանկացել է պարզել, թե ով է իր անունը գրանցել օֆշորային ընկերությունում, ուղարկվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչություն և կցվել վարչության վարույթում քննվող քրեական գործին` համատեղ ընթացքը լուծելու համար:

Իսկ մյուս հարցին, թե հաշվի առնելով, որ օֆշորային սկանդալը առնչվում է վարչապետի և հոգևոր առաջնորդի անունների հետ, ոստիկանությունը չի՞ պատրաստվում արագ քննել գործը, ոստիկանությունից պատասխանում են, որ քրեական գործով նախաքննությունն ընթանում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետների պահպանմամբ, որի շրջանակներում ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները` քրեական գործով նախաքննության արդյունավետության ապահովման և գործի բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս