
ԱԳՆ-ի նոր շենքի շինարարությունը ձգձգվում է

ԱԳՆ-ի նոր շենքը նախատեսված ժամկետում չի հանձնվի շահագործման: Երևանի Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող տարածքում դրա շինարարության ժամկետները հետաձգվում են առնվազն 6 ամսով: Պատճառը տարածքի իրացման և անհրաժեշտ փաստաթղթային ձևակերպման աշխատանքների երկարաձգումն է:
Այս հարցը կառավարության առաջիկա՝ օգոստոսի 15-ի նիստում կներկայացնի քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը: Միաժամանակ, նախատեսվում է նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին թույլատրել իրեն սպասարկող` ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ, որին գումարներ է փոխանցելու արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության դուստր ձեռնարկություն «Սալսա Դիվելոփմենթ» ՓԲ ընկերությունը: «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակը» լրացուցիչ 4 մասնագետներ է ներգրավելու, որոնց վարձատրությունը շուրջ 2 անգամ ավելի է, քան ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված չափաքանակները:
Հիշեցնենք, որ Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ Արդարադատության նախարարության նախկին, հրդեհից վնասված շենքում շինարարության ավարտից հետո, ենթադրվում է 2015 թ-ին, այնտեղ են տեղափոխվելու արտաքին գործերի, տարածքային կառավարման և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունները: Կառավարական 2-րդ մասնաշենքը վերածվելու է 5 աստղանի հյուրանոցի: