
ԿԽՄԿ-ում անօրինական են համարել գերության մեջ գտնվող զինվորին նկարելը

«Ոչ մի նոր բան»,- Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակում այսօր ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Դրագանա Ռանկովիչի հետ հանդիպումից հետո Panorama.am-ի հետ զրույցում այսպես է ներկայացրել իրավիճակը Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հորեղբոր որդին` Արման Ինջիղուլյանը:
Նրա խոսքով, իրենց ասել են, որ Ադրբեջանի իշանությունների հետ երկխոսության մեջ են, խնդրել են հանդիպում կազմակերպել և դրա ավարտից հետո որոշակի բան կպարզվի:
Արմանը տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ադրբեջանական հեռուստաալիքի պատրաստած տեսանյութին, որտեղ զինծառայողը «հարցազրույց է տվել» ու իբր ասել, թե հատել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծն այն պատճառով, որ «հոգնած լինելով՝ չի ցանկացել կատարել իր հրամատարի հրամանը, այն է` ջուր բերել»:
«Կարմիր խաչի պաշտոնյան ասել է, որ օրենքով թույլ չի տրվում նման բան անել և նրանք պետք է դա ցույց չտային»,- փոխանցել է Արման Ինջիղուլյանը: