Աշոտ Աղաբաբյան. Եթե ես ինչ-որ մեկին սպառնացել եմ, դրա համար կա օրենք, դատարան
ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի դեմ «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդման հիման վրա Ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Հիշեցնենք, որ Լ.Շահբազյանը ոստիկանությունում հայտնել է, թե ԱԺ պատգամավոր, «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի հիմնադիր Աշոտ Աղաբաբյանը սպառնացել է վերացնել իրեն և աղջկան, իսկ փեսան էլ առևանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան՝ ունեցած պարտքերի պատճառով: Լ.Շահբազյանը մոտ 1 տարի առաջ Աշոտ Աղաբաբյանից պարտքով վերցրել է 5 մլն դրամ` բիզնես սկսելու համար: Գումարը Շահբազյանն օգտագործել է ու չի կարողացել վերադարձնել: Բացի այդ, կուտակել է նոր պարտքեր: 2013թ. հունիսին ազատվել է աշխատանքից, քանի որ ստացած աշխատավարձով չի կարողացել վերադարձնել ունեցած պարտքերը, եւ խնդրել Աշոտ Աղաբաբյանին իրեն տրամադրել աշխատանքի վերաբերյալ տեղեկանք, որպեսզի կարողանա իր «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան բանկում գրավադնի և ստացած վարկի գումարով փակի պարտքերը:
Տեղեկանքը չի տրամադրվել, փոխարենը «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակում վերջինս առաջարկել է տալ Աշոտ Աղաբաբյանի անվամբ ավտոմեքենայի վերաբերյալ լիազորագիր, որով կգրավադրվի ավտոմեքենան «HSBC» բանկում և ստացված վարկի գումարով կփակվի պարտքերը, որին դիմումատուն չի համաձայնել: Խոսակցությանը միջամտել է Աշոտ Աղաբաբյանի փեսան` Վարդան Հարությունյանը, ով պահանջել է շուտափույթ վերադարձնել պարտքերը: Շահբազյանը գրել է նաև պարտավորագիր՝ Աշոտ Աղաբաբյանին 20.200 ԱՄՆ դոլար պարտք լինելու մասին` դրա մեջ ներառելով նաև ընկերության մյուս աշխատակիցներից վերցված գումարները:
Մինչև պարտքերը վերադարձնելը, ըստ տիկնոջ, Գագիկ Ժամհարյանն ու Վարդան Հարությունյանը առաջարկել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան պահել իրենց մոտ, որին չի համաձայնել, ապա նաև նկատել է, որ սեղանի վրայից բացակայում է ավտոմեքենայի բանալին, իսկ Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո իր կայանած վայրում չի հայտնաբերել ավտոմեքենան: Լ.Շահբազյանի ենթադրությամբ հնարավոր է այն առևանգել է իրենից առաջ աշխատասենյակից դուրս եկած Վարդան Հարությունյանը:
Լիանա Շահբազյանը ոստիկանությունում տված բացատրության ժամանակ նաև հայտնել է, որ Աշոտ Աղաբաբյանն իր աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցության ընթացքում սպառնացել է իրեն, որ 2000 ԱՄՆ դոլար կտա մեկին` իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, կվերացնեն, ինչից էլ ինքը վտանգ է զգում և վախենում նշված սպառնալիքից:
Ի դեպ, NEWS.am-ի հետ զրույցում Աշոտ Աղաբաբյանն ասել է. «Լիանա Շահբազյանի հայտարարություններով թող զբաղվեն իրավապահները, եթե ես ինչ-որ մեկին սպառնացել եմ, դրա համար կա օրենք, դատարան»:
Նա տեղեկացրել է, որ ճանաչում է Լիանա Շահբազյանին, իր մոտ է աշխատել. «Ես լսել եմ, որ ինքը մեծ պարտքեր ունի, էն որ պարտք է ինձ, ես գիտեի, բայց գիտեմ նաև, որ շատ-շատերին է պարտք ու շատ վաղուց, գումարներ վերցրել է տարբեր պատրվակներով, հիմա պարտքերը փակելուց խուսափելու համար ինչ կուզի, կասի: Զարմանում եմ, որ 21-րդ դարում մարդկանց կարելի է սպառնալ»,- ասել է Աշոտ Աղաբաբյանը՝ տեղեկացնելով, որ ինքն արդեն մեկ շաբաթ է՝ Հայաստանում չէ, կվերադառնա մի քանի օրից և կհասկանա, թե ինչ է կատարվում: