
«Ուրիշ ճար չկա». գերության մեջ գտնվող զինվորի հարազատները «Կարմիր խաչի» մոտ բողոքի ակցիա են անում

Ադրբեջանում գերության մեջ հայտնված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները այսօր հավաքվել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակի մոտ` զինծառայողի որպիսության մասին հստակ տեղեկություններ պահանջելու համար: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է Հակոբի հորեղբոր որդին` Արման Ինջիղուլյանը:
«Ոնց հասկանում եմ՝ ուրիշ ձև չկա «Կարմիր խաչից» որևէ բան իմանալու: Ոչ միայն ընտանիքի անդամները, այլ նաև բոլոր հարազատները: Ուրիշ ճար չկա»,- փոխանցել է Արմանը:
Անդրադառնալով երեկ ադրբեջանական հեռուստաալիքներից մեկով հեռարձակված Հակոբ Ինջիղուլյանի «հարցազրույցին», որտեղ իբր հատել է ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գիծն այն պատճառով, որ «հոգնած լինելով չի ցանկացել կատարել իր հրամատարի հրամանը, այն է` ջուր բերել», Արման Ինջիղուլյանն ասաց, որ իրենք բոլորն էլ համոզված են` «Հակոբին հարկադրել են այդպես խոսել»: «Ու երեխեն ստիպված խոսացել ա: Հակոբը հաստատ ուրիշ երեխա յա, ուրիշ ձև ա մտածում ու մենք բոլորս էլ համոզված ենք` ստիպել են այդպես խոսել»,- ասել է Հակոբի հորեղբոր տղան:
Հարազատները նաև զարմացած են, որ Հակոբի աչքերին հարցազրույցի ժամանակ ակնոց չի եղել, որը նա միշտ է կրել: «Ակնոցը Հակոբը երբեք աչքերից չի հանել, ու դա շատ մտահոգիչ է, պետք է աչքերին ակնոցը լիներ»,- փոխանցել է Արմանը:
Ի դեպ, Հակոբի աչքերին ոչ միայն սեփական ակնոցը չի եղել, այլ նաև ինչպես երևում է տեսանյութից, զինվորական համազգեստն էլ չի եղել. նրա հագին ադրբեջանական զինվորական համազգեստ էր:
Կարդացեք այստեղ.