
Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի բողոքը ՀՀ գլխավոր դատախազ պարոն Աղվան Հովսեփյանին

Հարգելի պարոն Հովսեփյան,
Հայտնում եմ Ձեզ այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզում հանքային արդյունաբերություն իրականացնող «Դինո Գոլդ մայինինգ Քամփընի» ՓԲ ընկերության օգտագործման ներքո գտնվող պոչամբարը սպասարկող խողովակաշարը` Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի քաղաքամերձ հատվածում նոյեմբերի 30-ին լույս դեկտեմբերի 1-ի գիշերը վնասվել է, որի հետևանքով խողովակաշարով հոսող թափոնաջրերը նշված ճանապարհով սկսել են հոսել և խառնվել Գեղանուշ գետի ջրերին, արդյունքում վնաս է հասցվել բուսական և կենդանական աշխարհին, բնակչության առողջությանը:
05.12.2013թ. Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի կողմից հաղորդում է հանձնվել Սյունիքի մարզի դատախազություն:
07.08.2013թ. ստացել եմ 07.08.2013թ. որոշումը քրեական գործ հարուցելու մասին: Սույն որոշմանը ծանոթանալուց հետո ակնհայտ է դառնում, որ կատարվելի թերի, սուբյեկտիվ, մակերեսային և միակողմանի քննություն, սույն որոշմամբ ընդամենը արձանագրվել է, որ ճանապարհին մերձակա հողատարածքը աղտոտվել է ծանր մետաղներով: Մեր կողմից բողոքարկվող որոշման մեջ նշված է, որ ընկերության հարստացուցիչ Ֆաբրիկայի հարստացման պոչանքները բարձր ճնշմամբ առաջացած ճեղքվածքից դուրս են մղվել շրջակա միջավայր և ծանր մետաղներով աղտոտել նշված ճանապարհի մերձակա 30 քառ. մետր հողատարածքը, շրջակա միջացվայրին պատճառելով էական` 300.000 ՀՀ դրամի վնաս:
Խնդրի առնչությամբ առկա են մի շարք հարցեր, որոնց բացահայտման դեպքում միայն հնարավորություն կստեղծվի հասկանալ միջադեպի իրական պատճառները, բողոքարկվող որոշումը կայացնելուց առաջ հարգարժան դատախազն այդպես էլ չի փորձել պարզել, թե ի սկզբանե պոչամբարը սպասարկող խողովակաշարը կարո՞ղ էր դիմանալ արդյոք թափոնաջրերի ճնշմանը, ե՞րբ է կառուցվել պոչամբարը և ու՞մ կողմից, ե՞րբ է այն ենթարկվել ընթացիկ և հիմնական վերանորոգումների, ի՞նչ կազմակերպություն է իրականացնում խողովակաշարի սպասարկումն ու պահպանությունը և, վերջ ի վերջո, որո՞նք են խողովակաշարը շահագործման հանձնելու իրավական հիմքերը, ներկայումս խողովակաշարը օրինական հիմունքներով է շահագործվո՞ւմ, թե՞ ոչ:
Անտեսվել է նաև այն հանգամանքը, որ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի N13-0016Դ եզրակացությամբ հաստատվում է, որ Գեղանուշի պոչամբարի շինարարությունն իրականացվել է նախագծային փաստաթղթերին և առաջադրանքներին ոչ համապատասխան:
Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք վերացնել մեր կողմից բողոքարկվող որոշումը, հարուցել քրեական գործ` նախաքննություն կատարելու համար այն ուղարկելով քննիչին:
Հարգանքով` Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, փաստաբան` Ա. Խալափյան