
Վարչապետը երգում է, երիտասարդները՝ արտագաղթում. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Միասին» երիտասարդական շարժման ակտիվիստների հետ ճամբարում կիթառ էր նվագում ու երգում «Բարով եկար, սիրուն կռունկ», երեկ Երիտասարդության միջազգային օրվա առիթով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Գարիկ Հայրապետյանը տխուր ցուցանիշներ հրապարակեց:
Ըստ այդմ, աշխարհում կա 15-24 տարեկան մոտ 27 միլիոն միգրանտ, ինչը կազմում է աշխարհի 214 միլիոն միգրանտների մեկ ութերորդը: «Հայաստանից մեկնող երիտասարդ միգրանտները ևս մեծ թիվ են կազմում: Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի համաձայն, հարցված երիտասարդների 78, 5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկնի Հայաստանից: Հարցվածների 48 տոկոսը կարծում է, որ արտերկրում ավելի հեշտ է աշխատանք գտնել: Արտերկրում աշխատավարձերը ավելի բարձր են՝ 42 տոկոս: Հետո գալիս է բարոյահոգեբանականը»,- ասաց Գարիկ Հայիապետյանը:
Այսպիսով, հերթական անգամ պետք է արձանագրենք այն իրողությունը, որ մենք ապրում ենք երկու տարբեր իրականությունում. մեկում երիտասարդները ուրախ ու երջանիկ են և վարչապետի հետ երգում են, իսկ մյուսում մեծամասամբ պատրաստ են լքել երկիրը»:
Շարունակությունը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: