Քննարկվել են բնապահպահական հարցեր
Մայրաքաղաքի կանաչ տարածքների լրացուցիչ խնամքին ու խտացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի անդամների հանդիպման շրջանակում: Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն ու միության այլ անդամներ:
Մինչ հարցերի քննարկմանն անցնելը Տարոն Մարգարյանը հանձնաժողովի անդամներին է ներկայացրել Երևան քաղաքի նորանշանակ գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանին և համոզմունք է հայտնել, որ քաղաքաշինական խորհուրդն՝ իր բոլոր հանձնաժողովներով, գլխավոր ճարտարապետի հետ միասին ավելի ակտիվ գործունեություն կծավալի:
Անդրադառնալով մայրաքաղաքի քաղաքաշինական ծրագրերին՝ քաղաքապետը մեկ անգամ ևս վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ հանձնաժողովը պետք է գործուն մեխանիզմ լինի քաղաքաշինական ծրագրերի քննարկումների և վերջնական որոշումների կայացման ժամանակ։
«Հատկապես քաղաքաշինական խոշոր ծրագրերը հնարավոր է կյանքի կոչել միայն բոլոր համապատասխան հանձնաժողովների դրական եզրակացության դեպքում։ Մայրաքաղաքի զարգացումը պետք է լինի համաչափ, համակողմանի։ Բազմիցս եմ շեշտել, որ մեր առաջնային նպատակը, քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը զուգահեռ, նաև Երևանի երբեմնի կանաչ զանգվածի վերականգնումը, հատկապես, քաղաքը երիզող անտառային շերտի ստեղծումը պետք է լինի, և հատկապես այս հարցում ակնկալում եմ ձեր գործուն աջակցությունը՝ ինչպես մասնագիտական խորհրդատվությամբ, այնպես էլ գործնական մասնակցությամբ»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանն իր հերթին, նախ գոհունակություն է հայտնել այս տարվա կանաչապատման, կանաչ տարածքների վերականգնման և ծաղկապատման ծրագրերի մասով, ապա նաև քաղաքապետի ուշադրությունը հրավիրել է որոշ անջրդի տարածքների հետ կապված խնդիրներին։ Քաղաքապետը բնապահպանության վարչության պետին հանձնարարել է այցելել նշված վայրեր, ուսումնասիրել դրանք և հնարավորին արագ լուծումներ տալ բարձրացված խնդրին։
Կարինե Դանիելյանը քաղաքապետին դիմել է նաև բնապահպանական միջազգային կազմակերպություններին անդամակցությունները խթանելու առաջարկությամբ, ինչին ի պատասխան Տարոն Մարգարյանը հանձնարարել է քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում անմիջապես ընթացք տալ առաջարկությանը։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն