Ո՞ր ապրանքները չի կարելի տեղափոխել ՀՀ մաքսային սահմանով
Ապրանքները և տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության մաքսաին տարածք ներմուծելը և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանելը կարող են արգելվել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այն դեպքերում, երբ այդ ապրանքները և տրանսպորտային միջոցները վտանգ են ներկայացնում պետական և ազգային անվտանգության, հասարակական կարգի, մարդու կյանքի և առողջության, կենդանական և բուսական աշխարհի, շրջակա միջավայրի, բնակչության բարոյական արժեքների, պատմական, մշակութային և հնագիտական արժեքների, անձանց սեփականության (այդ թվում` մտավոր), իրավունքների և օրինական շահերի համար:
Այն ապրանքների ցանկը, որոնց տեղափոխումը ՀՀ Մաքսային սահմանով արգելված է, սահմանված են ՀՀ Կառավարության որոշմամբ: Այդ ցանկերը տարանջատված են՝ կախված մաքսային ռեժիմից:
Մասնավորապես,
1. «Արտահանում` ազատ շրջանառության համար», «Ժամանակավոր արտահանում», «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար», «Ներմուծում` անմաքս առևտրի խանութ» մաքսային ռեժիմներով արգելվում է տեղափոխել.
- Պետական գաղտնիք պարունակող նյութեր
- Հայաստանի Հանրապետությունում գրանցված ապրանքային նշաններով մակնշման ենթակա, սակայն չմակնշված ալկոհոլային խմիչքներ
- Փայտանյութ (ծածկագրերն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 4401 10 000, 4401 21 000, 4401 22 000, 4403, 4404)
2. «Սեփականության իրավունքից հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ռեժիմով արգելվում է տեղափոխել.
- Բոլոր տեսակի թափոններ, բացառությամբ ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության դրական եզրակացության և ՀՀ բնապահպանության նախարարության թույլտվության հիման վրա ներմուծվող թափոնների
- Պիտանիության ժամկետն անցած ապրանքներ:
3. «Ոչնչացում» մաքսային ռեժիմով տեղափոխման համար արգելվող ապրանքներն են.
- Կենդանի կենդանիներ և բույսեր, եթե դրանք չեն հանդիսանում անբուժելի վարակի աղբյուրներ
- Պատմական, մշակութային և հնագիտական արժեք ներկայացնող առարկաներ:
4. «Ներմուծում` ազատ շրջանառության համար», «Ներմուծում` անմաքս առևտրի խանութ», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր ներմուծում» և «Ոչնչացում» մաքսային ռեժիմներով արգելվում է տեղափոխել.
- «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կողմ երկրների կարգավիճակ չունեցող երկրներից ներմուծվող` ստորև նշված նյութերը`
Ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի | Քիմիական բանաձևը | Անվանումը |
2903 77 100 | CFCL3 | ֆտորեռաքլորմեթան |
2903 77 200 | CF2CL2 | երկֆտորերկքլորմեթան |
2903 77 300 | C2F3CL3 | եռֆտորեռաքլորէթան |
2903 77 400 և 2903 77 500 | C2F4CL2 և C2F5CL | քառաֆտորերկքլորէթան և հինգֆտորքլորէթան |
2903 76 | CF2BrCL, CF3Br ևC2F4Br2 | երկֆտորբրոմքլորմեթան, եռֆտորբրոմմեթան և քառֆտորերկբրոմմեթան |
- Ավտոմոբիլային բենզին, որի մեջ կապարի պարունակությունը գերազանցում է 0.013 գ/լ (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 2710 12 510 և 2710 12 590):
- Չյոդացված կերակրի աղ` սննդի մեջ օգտագործելու համար (ծածկագիրն ըստ ԱՏԳ ԱԱ-ի` 250100910):