Քաղաքական ուժերը չեն շտապում առաջադրվել Սյունիքի մարզում
Քաղաքական ուժերը չեն շտապում առաջադրումներ կատարել Սյունիքի մարզի թ.38 ընտրատարածքում սեպտեմբերի 29-ին անցկացվելիք Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններին: Ինչպես հայտնում է Փաստինֆոն, տեղեկություններ չկան նաև ինքնաառաջադրման կարգով առաջադրվելու մտադրություն հայտնողների մասին:
Համենայնդեպս՝ այսօր թեկնածուների առաջադրման վեցերորդ օրն է, և այս պահի դրությամբ առաջադրվածներ դեռևս չկան: Առաջադրման վերջնաժամկետը օգոստոսի 15-ի ժամը 18-ն է:
Առայժմ հայտնի է միայն ՀՀԿ-ի Սյունիքի մարզային կառույցի որոշումը: Վերջինս օգոստոսի 7-ի նիստում, որը վարել է կուսակցության մարզային խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, միաձայն հավանություն է տվել Կապանի 2002-2008թ.թ.-ի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանի թեկնածության առաջադրմանը:
Դժվար է ասել՝ ամառային արձակուրդները, սեփական ուժերի նկատմամբ վստահության պակասը, թե, ավելի շուտ, ՀՀԿ-ի դանդաղկոտությունն է պատճառը, սակայն մյուս կուսակցություններն առայժմ չեն կողմնորոշվել և, ըստ մամուլում պարբերաբար հայտնվող տեղեկությունների, մասնակցել-չմասնակցելու մասին անգամ իրարամերժ հայտարարություններ են անում:
«Ժառանգություն»-ը, որի ներկայացուցիչները կուսակցության թեկնածուի մասնակցելու մտադրության մասին հայտարարած քաղաքական ուժերից առաջիններից մեկն էր, ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, այս պահին դեռևս որոշում չունի:
ՀՅԴ-ն ևս լռում է: Ըստ շրջանառվող լուրերի, չի բացառվում ՀՅԴ անդամ, նախորդ գումարման ԱԺ պատգամավոր Գագիկ Գևորգյանի առաջադրումը:
Ի դեպ՝ Գ.Գևորգյանը այս ընտրարածքում մասնակցել է 2012թ.-ի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին և ստացած քվեներով զիջել միայն ԱԺ պատգամավոր ընտրված ՀՀԿ-ի թեկնածու Վահե Հակոբյանին: Վերջինս այս տարվա հուլիսին նշանակվել է Սյունիքի մարզպետ, և նրա պատգամավորական լիազորություններն այդ կապակցությամբ վաղաժամկետ դադարեցվել են:
Նշենք, որ թ.38 ընտրատարածքն ընդգրկում է Կապան,Մեղրի, Քաջարան, Ագարակ քաղաքները և շրջակա 46 գյուղերը: