Բաժիններ՝

Ես ոչինչ չեմ հիշում, մենակ գոռում էի` ջուր տվեք. վթարի հետևանքով թևը պոկված աղջիկ

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին` Սարիգյուղի մոտ, օգոստոսի 7-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով թևը պոկված 22-ամյա Արմինե Ա-ին երկրորդ անգամ են վիրահատել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, հայտնի միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը: Եթե առաջին վիրահատությունը տևել էր 6 ժամ, ապա երկրորդ վիրահատությունը տևել է 2 ժամ: «Արմինեի մոտ, բացի անդամահատված վերջույթից, կա շատ ավելի խորը և ծանր վնասվածքներ, ամբողջ բազուկը, ուսագոտին ջնջխված է, ունի բազմաթիվ բեկորային կոտրվածքներ, մկանային հյուսվածքի պատռվածքներ, տոտալ հեմատոմաներ, սալջարդներ, վիճակը ավելի ծանր էր, քան Վայքի վթարի հետևանքով տուժած Լիլիթինը: Վիրահատությունից մի քանի ժամ հետո մեր կողմից արձանագրվեց երակային խցանում, անմիջապես կատարվեց երկրորդ վիրահատությունը: Դա տևեց մոտ 2 ժամ, կարողացանք ժամանակին խցանման հարցերը լուծել, արյան շրջանառությունը վերականգնվեց»,- ասել է բժիշկը:

Արտավազդ Սահակյանի խոսքով` այս պահի դրությամբ Արմինեի վիճակը համապատասխանում  է տարած վիրահատությանը, նա զրուցում է, ակտիվ է, ամբողջական ապաքինման համար ժամանակ է պահանջվում: Երիտասարդ աղջիկը այժմ գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, մոտ 10 օր կմնա այնտեղ: Բժիշկը աղոթում է, որ աղջկան նորից անհապաղ վիրահատելու անհրաժեշտություն չառաջանա, ինչ վերաբերում է հետագա կորեկցիային կամ վերջույթի երկարացմանը, ապա դա ծրագրված վիրահատություն է, այն կկատարվի, երբ հիվանդի վիճակը արդեն ավելի լավ կլինի:

NEWS.am-ի թղթակիցը այցելել է նաև Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Արմինեին: Նա կայքի հետ զրույցում ասել է, որ դեպքի օրը ճանապարհվելիս են եղել Բագրատաշեն` դիմավորելու ծանոթի, մեքենայում ինքը քնել է և ոչինչ չի հիշում: «Հիշում եմ դեպքի օրը, որ պատրաստվում էի գնայի դիմավորեի, նստած էի` ասացի քունս տանում է, ես քնեմ, տեղ հասնենք, արթնացրեք, հետո արթնացել եմ այստեղ, չգիտեմ, ոչինչ չեմ հիշում, մենակ գոռում էի` ջուր տվեք»,- պատմել է Արմինեն:

Նա նշել է, որ այժմ իրեն համեմատաբար լավ է զգում, ցավեր չունի: Երիտասարդ աղջիկը ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, աշակերտների հետ ճապոներեն եւ անգլերեն է պարապում, մտածում է շուտափույթ ոտքի կանգնի, որպեսզի սեպտեմբերից վերսկսի պարապմունքները աշակերտների հետ:

Մանրամասները՝ news.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս