Տարոնը քանդեց ազատամարտիկի տունը. մամուլ
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կայացրած որոշման հիման վրա 2013 թ. օգոստոսի 5-ին ՀՀ ոստիկանության աշխատակիցները քանդել են Տիչինայի փողոցին հարող տարածքում «Մալաթիա» ջոկատի ազատամարտիկ Ներսիկ Եղիազարյանի կառուցած շինությունը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Պատճառն այն է եղել, որ քաղաքապետարանն ազատամարտիկի կողմից 10 տարի վարձակալած հողատարածքը՝ այնտեղ կառուցած ինքնակամ շինության հետ մեկտեղ, վաճառել է «Դեֆանս հաուզինգ ինվեստ» ՓԲԸ-ին: Այսինքն՝ Տ. Մարգարյանի համար կարևորը ոչ թե մեր երկրի համար արյուն թափած ազատամարտիկն է, այլ փողը և անհայտ ծագմամբ վճարունակ գործարարները:
Երեկ «Ժողովուրդի» թղթակիցն այցելել է քաղաքապետի հրահանգով քանդված տարածք և արձանագրել սարսափելի իրողություն. 10 տարի շարունակ մշակված շուրջ 150 մրգատու ծառերն անխնա փշրված են, տուն կառուցելու փորձերն էլ՝ հիմնովին ջախջախված: Այնպիսի տպավորություն էր, թե թշնամին է անցել այդ տարածքով:
«Սկզբում ինձ արգելեցին մտնել տարածք, իսկ ավելի ուշ ամեն ինչ քանդեցին: Իմ տարիների քրտնաջան աշխատանքը հողին հավասարեցրին: Բա դա խի՞ղճ է: Եթե ես այնտեղ լինեի, չգիտեմ, թե ինձ հետ ինչ կկատարվեր, եթե տեսնեի, թե իմ ստեղծածը ոնց են ոչնչացնում:
8 տարի է՝ աղջիկս ամուսնու հետ վարձով է ապրում, և մենք որոշել էինք, որ որպես նոր ձևավորվող երիտասարդ ընտանիք՝ այդ հողատարածքում կառուցած տանը կապրեն իրենք: Բայց քաղաքապետը քանդեց աղջկաս տունը»,- «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց ազատամարտիկը՝ հավելելով,- «Էլ իմ ապրելը քանի՞ կոպեկ արժե: Մի շիշ բենզին է, կլցնեմ վրաս ու կվառեմ հենց բոլորի ներկայությամբ»»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: