Բաժիններ՝

«Քաղաքապետարանում արդեն անմեղսունակի տպավորություն են թողնում»

Քաղաքապետարանի մոտ անժամկետ նստացույց անող Սուրեն Սահակյանը այժմ հետազոտություն է անցնում հիվանդանոցում:

Ըստ ԳԱԼԱ-ի բժիշկները գրեթե վստահ են, որ Սուրենի վատ ինքնազգացողության պատճառը արևահարությունն է:  Ինչպես հայտնի է, Գոռ Առաքելյանի քթից երեկ էլ արյուն է եկել: Բժիշկները Սուրենի միջոցով նստացույց անող մյուս տղաներին արևահարությունից պաշտպանվելու խորհուրդներ են փոխանցել:

Չնայած այս ամենին՝ տղաներն իրենց պահանջների հարցում շարունակում են մնալ վճռական և վստահեցնում են, որ երբ Սուրենն առողջանա, նորից կմիանա իրենց:

«Ազատություն»  ռադիոկայանին երեկ տված հարցազրույցին  Տ. Մարգարյանը նշել է, որ ինքը չի պատրաստվում կատարել երեք անձանց պահանջները և վստահություն հայտնել, որ ժողովուրդը կողմնակից չէ հրաժարականների: «Եթե մենք ցույց ենք տալիս իրավական հիմքեր, որոնցում ներկայացված են պաշտոնյաների օրինախախտումներ, ապա թեկուզ մեկը պահանջի, պետք է համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն: Քաղաքապետի նույն տրամաբանությամբ կարող եմ ես որևէ բանկ թալանել, կաշառել աշխատակիցներին, որպեսզի չբողոքեն, բողոքի միայն օրինակ` բանկի կառավարիչը և ասենք՝ քանի որ միայն բանկի կառավարիչն է բողոքում, հանրության համար ընդունելի չէ այդ պահանջը: Քաղաքապետարանում արդեն անմեղսունակի տպավորություն են թողնում»,- ասում է Վահագնը և հավելում, որ այն, որ Տարոն Մարգարյանը իրենց է մոտեցել և հրավիրել խոսելու, բացարձակ սուտ է: Վահագնը պատմում է, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետարան գնալիս է եղել, երբ ինքը «Վե´րջ ապօրինությանը, սա ՀԱՆՐԱպետություն է» գրվածքով պաստառը ձեռքին մոտեցել է նրան: «Նա անգամ չկանգնեց, քայլելով ուղղակի հարցրեց` ոնց եք, ասացի` վատ, ասաց՝ հրավիրել եմ բանակցությունների, ասացի, որ հրավեր չի եղել, ասաց՝ հենց հիմա հրավիրում եմ, երբ որոշես, կբարձրանաս ու անգամ չսպասելով իմ պատասխանին` մտավ շենք,- պատմում է Վահագնը և հավելում,-եթե Տարոն Մարգարյանը հրավիրում է խոսելու, ուրեմն ասելիք ունի, ուստի թող ինքն իջնի քաղաքապետարանի մոտ և ոչ միայն ինձ, այլ հանրությանը ներկայացնի իր ասելիքը»:

Վահագնը նշել է նաև, որ քիչ առաջ իրեն մոտեցել է մի անծանոթ և տվել մոտ 200 թռուցիկ՝ «Երեքից մեկն էլ ես եմ » գրվածքով:

Վահագնը կարծիք է հայտնել, որ քաղաքապետարանը մեկը մյուսի ետևից սխալ հայտարարություններ և քայլեր է անում: «Չի բացառվում, որ շուտով Տարոն Մարգարյանը կհայտարարի, որ Միսակ Համբարձումյանը և Հենրիկ Նավասարդյանը քաղաքակիրթ մարդիկ են և չեն հայհոյել անգամ փոքր ժամանակ»:

Իսկ նստացույցից պատվով դուրս գալու միակ տարբերակը տղաները համարում են իրենց պահանջների բավարարումը:

Մանրամասները կարդացեք այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս