Բաժիններ՝

Վանաձորում մանկավաճառ մայրը դատապարտվեց պայմանական ազատազրկման

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մարինե Մելքոնյանի նախագահությամբ, Լոռու մարզի 43-ամյա բնակչուհի Ռիմմային մեղավոր է ճանաչել  ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվախի առաջին մասով՝ երեխայի առք ու վաճառքը և դատապարտել երկու տարվա պայմանական ազատազրկման՝ երկու տարվա փորձաշրջանով:  Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը երկու երեխայի մայր է, դրական է բնութագրվում գյուղապետի կողմից: Նշենք, որ ամբաստանյալն ընդունել է մեղադրանքը, և դատարանը բավարարել է նրա միջնորդությունը՝ գործի դատաքննությունն արագացված կարգով անցկացնելու մասին:  Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Ինչպես հայտնի է՝ ամբաստանյալն  արտաամուսնական կապից լույս աշխարհ էր բերել երկվորյակ երեխաների՝ տղայի  և աղջկա: Սոցիալական ծանր պայմաններից ելնելով՝ մայրը որոշել էր  սեփական տղա երեխային վաճառել՝ նույն Լոռու մարզում գնորդ էլ է գտնվել՝ Ա.Կ.-ն զավակներ չուներ և ցանկանում էր երեխա որդեգրել:   Ռիմման հանդիպել է գնորդին՝ հավաստիանալու համար, որ երեխային ապահով ընտանիքի է տալու: Ըստ գործի նյութերի, վաճառողն ու գնորդը նախնական պայմանավորվածության են եկել մանկան վաճառքի գնի շուրջ՝ 1.291.125 ՀՀ դրամին համարժեք 3500 ԱՄՆ դոլար:

Պայմանավորվածության համաձայն, գումարի մի մասը` 367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը, գնորդը պետք է վճարեր մինչև երեխային հանձնելը, իսկ մնացած մասը` երեխային հանձնելուց հետո: 2011 թվականի մարտի 13-ին Ա.Կ.-ն Ռիմմային է տվել պայմանավորված նախնական գումարը՝ 367.850 ՀՀ դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլար գումարը, իսկ երկու օր անց երեխան հարձնվել է նոր ծնողներին: Շուրջ մեկ տարի անց, ըստ քննության տվյալների, 2012 թվականի մարտի 22-ին Ռիմման նոտարական կարգով հրաժարվել է որդուց` Նիկոլայից, որից հետո Ա. Կ.-ն առանձին Ռիմմային է հանձնել պայմանավորված գումարի մնացած մասը՝ 923.275 ՀՀ դրամին համարժեք 2500 ԱՄՆ դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս