
Նոր մանրամասներ. «Տաք ջրում» անչափահասի բռնաբարության մեջ կասկածվում է ոստիկանը

Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում Սևան քաղաքի 13-ամյա բնակչուհու բռնաբարության մեջ կասկածվող 24-ամյա Վահագն Համբարձումյանը, պարզվում է, ոստիկան է։ Ընդ որում, նա միայնակ չի եղել, այլ 25-ամյա Սասուն Աբրահամյանի հետ: Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, գործը ոստիկանությունից փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությանը: Սկզբնապես գործը քննվում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում, որտեղ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի հատկանիշներով՝ բռնաբարությունը:
«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների համաձայն, երիտասարդները երեխային նստեցրել են ավտոմեքենան, ապա տարել Ծաղկաձոր, իսկ այնտեղից էլ «Տաք ջուր», որտեղ էլ տեղի է ունեցել բռնաբարությունը։ Ընդ որում, տղաները եղել են երեքով, սակայն աղջկա բռնաբարության գործով անցնում են վերը նշված 2-ը։