Ինչո՞ւ Վլադիմիր Գասպարյանը չընդառաջեց հանրապետական պատգամավորի ոստիկան եղբորը
Ինչպես հայտնի է՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով կադրերի ռեզերվ էր ուղարկել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի եղբայրը՝ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի ծառայության գծով տեղակալ Հարություն Ավետիսյանը:
Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նշել է, որ իր եղբայրն այլևս չի սպասել եւ ինքնակամ դիմում է գրել ու գնացել թոշակի: «Կադրերի ռեզերվ էին ուղարկել, այլ աշխատանք չեն առաջարկել, մենք էլ որոշեցինք էլ չսպասել, դիմում է գրել` թոշակի գնա, որպեսզի հետո այլ աշխատանքի գնա, բայց ոչ այս համակարգում, այլ ուրիշ»,- ասել է Սուքիաս Ավետիսյանը:
Ինչո՞վ եք պայմանավորում այդ հանգամանքը, ինչո՞ւ Վլադիմիր Գասպարյանը այլ առաջարկ չարեց Ձեր եղբորը՝ հարցին ԱԺ պատգամավորը տվել է հետեւյալ պատասխանը. «Ինձ չի էլ հետաքրքրում, հարմար չեն գտել, հարմար գործ չեն առաջարկել, ես այդտեղ որևիցե բան ասել չեմ կարող, ես դրանից ո´չ սրտնեղվում եմ, ո´չ էլ վատ եմ զգում»: Սուքիաս Ավետիսյանը նշել է, որ իր եղբայրն աշխատանքի է անցնելու մաքսային ծառայությունում, իսկ թե կոնկրետ ի՞նչ պաշտոնի` ԱԺ պատգամավորը չմանրամասնեց:
«Պարտադիր չէ բարձր պաշտոն ունենա, բայց համենայնդեպս այդ համակարգի եւ իրա նախկին աշխատած տեղերի հետ ոնց որ որոշակի մոտեցումներ կան, դրա համար»,- ասել է նա: