«Եթե վարչապետն ու Նավասարդ Կճոյանը լինեին ընդդիմադիր, ապա վաղուց արդեն բանտում հայտնված կլինեին»

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը համոզված է, որ օֆշորային հայտնի սկանդալն այդպես էլ չի բացահայտվի, և որ իրական մեղավորներն ու պատասխանատուները չեն կանգնի արդարադատության առաջ: Նման տեսակետ է հայտնել Գ. Եղիազարյանը Galatv.am-ի հետ զրույցում՝ խոսելով օֆշորային սկանդալից և դրան հաջորդած զարգացումներից:

«Սերժ Սարգսյանի օրոք, իհարկե, չի բացահայտվի, բացի մի հատ Խաչիկյանից, որը ստիպված էլի, սրանք ուրիշ ոչ մեկին դեռ դատարան քարշ չեն տվել: Իհարկե դրանից առաջ Օհանյանն էր, այո, ոստիկանությունից մի հատ օրինակ, մի հատ ՀՀԿ-ից օրինակ, հետո ինչ որ ասում է «ապահով Հայաստանում» իրենց նախագահը, ընդհակառակն են անում սրանք: Ասում է՝ մի կրակեք, սրանք կրակում են, ասում է՝ մի թալանեք, թալանում են»,- ասել է Գուրգեն Եղիազարյանը:

Վերջինս վարչապետ Տիգրան Սարգսյանին ու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանին անվանում է օֆշորի հերոսներ և նշում, որ եթե երկրում իրականում արդարադատություն լիներ, ապա նրանք կպատժվեին: «Օֆշորի հերոսները, այդ տերտերը կկանգնի արդարադատության առա՞ջ, ես դեռ հույս ունեմ, որ դրան, չեմ էլ կարող ասել հոգևորին, այդ Կճոյանին կանդրադառնա Վեհափառը, որովհետև անհարմար է, ի վերջո թող դրան մի հատ կողքի դնեն, մինչև կպարզվի այդ օֆշորը»,- ասել է նա:

Գուրգեն Եղիազարյանը միևնույն ժամանակ համոզված է, որ եթե վարչապետն ու Նավասարդ Կճոյանը լինեին ընդդիմադիր, ապա վաղուց արդեն բանտում հայտնված կլինեին: «Բանտերը Հայաստանում հիմնականում ընդդիմադիրների համար են նախատեսված: Ինչ վերաբերվում է օֆշորի հերոսներին, որ գանք իշխանության, պարտադիր իրենք կստանան իրենց հասանելիքը, և Փայլակ Հայրապետյանի պես գործարարներն էլ կապահովագրվեն նման երևույթներից: Այսօր ոչ մի բան չի լինի, այսօր նրանք կվայելեն, ցավոք սրտի կվայելեն Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը, մի մարդու ունեցվածք, որը տարիներ շարունակ կոպեկ-կոպեկ հավաքել է»:

Գուրգեն Եղիազարյանը անդրադարձել է նաև Կիպրոսի դատախազի հայտարարությանը և այս առնչությամբ ասել. «Սրանք ձևը գտել են, ասում են՝ մենք հիմա գնում ենք փաստաթղթերի ստորագրման, դուք ուզում եք, որ ոտքի կանգնեն չթողնեն ոչ մի բան, ավելի լավ է դրա մասին լռեք, չխոսաք, տեսնենք ինչ է լինում, հետո մենք կպարզենք ինչ է եղել: Կիպրոսից մենք ոչ մի բան չենք ստանա, եթե նույնիսկ ստանանք էլ, ոչ մեկն էլ մեզ ոչ մի փաստաթուղթ ցույց չի տա»:

Հիշեցնենք, Փայլակ Հայրապետյանը այն նույն գործարարն է, ում ունեզրկման համար, ըստ «Հետք» էլեկտրոնային օրաթերթի բացահայտումների, մեղավոր են Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերեր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը: Գործարարը, այսպիսով, ճանաչվել էր տուժող՝ ՔԳՎ ՀԿԳ-ի վարույթում քննվող գործի շրջանակներում:

Galatv.am, Փայլակ Ֆահրադյան

Տեսանյութեր

Լրահոս