Գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը սահմանվում է 6 ամիս

«Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` գործազուրկ անձանց երաշխավորվում է՝

1) առնվազն մեկ տարվա սոցիալական վճար կատարած լինելու կամ մինչև 1992 թվականի հունվարի 1-ը առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում գործազրկության նպաստի վճարում, որի կարգը և գործազրկության նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

2) կրթաթոշակի վճարում՝ մասնագիտական ուսուցման դասընթացներում սովորելու ընթացքում:

Հաշմանդամներին երաշխավորվում է կրթաթոշակի վճարում մասնագիտական ուսուցման և աշխատանքային ունակությունների վերականգնման դասընթացներում սովորելու ընթացքում:

«12 ամիս գործազրկության նպաստ ստանալու իրավունք ունեցող այն գործազուրկները, ովքեր ունեն առնվազն երեսունհինգ (35) տարվա ապահովագրական ստաժ, և որոնց տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքի լրանալուն մնացել է մինչև հինգ տարի, ունեն լրացուցիչ սոցիալական երաշխիքների իրավունք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»,- iravaban.net-ին հայտնում է Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Սերինե Խաչատրյանը:

Զբաղվածության պետական ծառայությունը օրենքով սահմանված կարգով գործազուրկի կարգավիճակ ստացած անձանց գործազրկության նպաստ է նշանակում այդ կարգավիճակն ստանալու օրվանից:

Իրավաբանի խոսքով՝ գործազրկության նպաստի վճարման նվազագույն տևողությունը սահմանվում է 6 ամիս: Առնվազն մեկ տարվա ապահովագրական ստաժ ունեցող անձանց գործազրկության նպաստի վճարման ժամկետները երկարաձգվում են յուրաքանչյուր երեք տարվա համար մեկ ամսով:

«Գործազուրկի կարգավիճակում գտնվելու յուրաքանչյուր ժամանակահատվածում գործազրկության նպաստի ստացման առավելագույն տևողությունը սահմանվում է 12 ամիս»,- նշում է Սերինե Խաչատրյանը:

Եթե անձը գործազրկության նպաստ է ստանում մեկից ավելի անգամ, ապա յուրաքանչյուր հաջորդ անգամ նրան գործազրկության նպաստ է նշանակվում զբաղվածության պետական ծառայության կողմից հաշվառումից հանվելուց հետո նրա անվամբ առնվազն մեկ տարվա սոցիալական վճարներ կատարելու դեպքում, ընդ որում` գործազրկության նպաստի վճարման տևողությունը հաշվարկվում է զբաղվածության պետական ծառայության կողմից վերջին անգամ անձի հաշվառումից հանվելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի չափին համապատասխան` վերը սահմանված կարգով:

Iravaban․net

Տեսանյութեր

Լրահոս