Դատարանը հաստատեց, որ գազամատակարարման անվտանգությունը պատշաճ չի ապահովվում
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 29-ին «ԷՅ-Ի-ՋԻ սերվիս» ՍՊԸ Երևանի ԳՀՏՍ ծառայության Էրեբունու տեղամասի փականագործ Աշոտ Մարտիրոսյանին դատապարտեց տուգանքի` 300.000 դրամի չափով` զրկելով նրան ազգաբնակչությանը կենցաղային սպառման համար բնական գազի մատակարարման ծառայություններ մատուցելու և անվտանգության ապահովման բնագավառներում որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից 2 տարի ժամկետով։
Հիշեցնենք, 2012 թվականի մարտի 3-ին «գազի թունավորում» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխել Նոր-Արեշի բնակիչ Կարեն Մեսրոպյանը, որին ծնողներն անգիտակից վիճակում հայտնաբերել էին իրենց տան լոգարանում։ Նույն օրը Կարեն Մեսրոպյանը հիվանդանոցում մահացել էր։
Դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրել էր, որ Կարեն Մեսրոպյանի մահը վրա է հասել ածխածնի մոնօքսիդով սուր թունավորման հետևանքով, իսկ Ճարտարագիտատեխնիկական և հրդեհատեխնիկական համալիր փորձաքննության եզրակացության համաձայն`լոգարանում տեղադրված ջրատաքացուցիչի մասով խախտված են եղել «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես’ լողասենյակը օդափոխության անցուղիներ և դռան ու հատակի միջև անցք չի ունեցել:
Նախաքննությամբ պարզվել է, որ Աշոտ Մարտիրոսյանը, աշխատելով նշված ընկերությունում, և պատասխանատու լինելով բնակիչներին մատակարարվող գազի անվտանգության համար, դեպքից շուրջ մեկ տարի առաջ այցելել է Մեսրոպյանների տուն, որտեղ հայտնաբերել է անվտանգության վերոհիշյալ խախտումները, կազմել համապատասխան արձանագրություն, սակայն, չի անջատել գազը, քանի որ տան տերերը թույլ չեն տվել։ Ամիսներ անց դարձյալ այցելելով նույն բնակարանը, Աշոտ Մարտիրոսյանը որևէ խախտում չի արձանագրել, չնայած այն բանին, որ նախկինում իր արձանագրած խախտումները վերացված չեն եղել։
Մանրամասները կարդացեք այստեղ