Բաժիններ՝

Վանաձորցին սպառնում է ինքնասպան լինել. մամուլ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Վանաձորի բնակիչ Փնջիկ Թերոյանը դիմել էր «Առավոտին», հայտնելով, թե երկու տարի առաջ խարդախության զոհ է դարձել:

Մեկ տարի է, ինչ գործը քննվել է ոստիկանության բաժնում, իսկ հաղորդումն էլ, որ տվել է, հարևանին՝ Արմեն Աղաջանյանին է առնչվում:

«Նա իմ հետ զրույցույցի ժամանակ շեշտում էր, որ ուր էլ դիմեմ, ոչինչ չեն անելու: Քանի որ թիկունքում ոստիկանության Բազումի բաժնի պետն է կանգնած՝ Սարգիս Այվազյանը, և նախկին պետը»,- ասում է վանաձորցին:

Գործի վարույթը կարճվել է, և Փնջիկ Թերոյանը երկրորդ անգամ՝ հունիսի 1-ին դիմել է հաղորդմամբ՝ հանցագործության մասին: Ըստ մեր զրուցակցի՝ Արենի կինը ճնշում է գործադրել վկաներից մեկի նկատմամբ, որպեսզի իր օգտին վկայություն չտա:

«Հունիսի 5-ին Արեն Աղաջանյանի կողմից ինձ սպառնալիք տալու կապակցությամբ Վանաձորի ոստիականությունում հաղորդում տվեցի: Սա երրորդ սպառնալիքն էր Ա. Աղաջանյանի հարազատների կողմից: Շուրջ երկու տարի է իմ պայքարն անարդարության դեմ է: Մտածում եմ, որ ինձ կփորձեն լռեցնել, ընդհուպ զրկելով կյանքից: Ուստի խնդրում եմ պաշտպանել իմ անվտանգությունը»,- գրել էր Փ. Թերոյանը հայաստանյան մամուլի բոլոր միջոցներին, միջազգային կազմակերպություններին:

Մեր հեռախոսազրույցի ժամանակ պարզվեց, որ Փնջիկ Թերոյանը երկար տարիներ զբաղվել է հագուստի վաճառքով: Նրան դիմել է հարևանը՝ Արեն Աղաջանյանը՝ ասելով, թե մեքենա գնիր, թանկ գնով կվաճառենք, գումարը կվերադարձնեմ: Փնջիկ Թերոյանը երկու մեքենա է գնում՝ 17 000 և 5 000 դոլարով: Մեր զրուցակիցն ասում է, որ հարևանի հետ իրենց հարաբերություններն այնքան ջերմ էին, որ ինքը ստացական չի վերցնում, իսկ գումարը հանձնելիս ներկա եղել ոստիկանության աշխատակից ներկայացած մեկը:

Մինչ օրս գումարը չի վերադարձվել, կինը հայտնվել է անօթևան վիճակում, ոստիկանությունն էլ ընթացք չի տալիս ոչ կնոջ բողոքներին, ոչ անգամ իրեն ֆիզիկական սպառնալիքներ տալու հաղորդումներին:

Փնջիկ Թերոյանն ասաց, որ դիմելու է ինքնասպանության, եթե իր բողոքներին, որոնք բարձրաձայնել է լրատվամիջոցներով, ընթացք չտրվի»:

«Առավոտ» օրաթերթ, Ռուզան Մինասյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս