
Լեդի Հակոբի եղբորորդու նկատմամբ դեռևս հետախուզում չի հայտարարվել. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդու` Վարդան Հակոբյանի կողմից հուլիսի 27-ին ոստիկանական մեքենաները վնասելու փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանությունում նախապատրաստված նյութերը երեկ ուղարկվել են ոստիկանության Մալաթիայի բաժին: Ոստիկանության լրատվական բաժնից հաստատեցին այս լուրը:
Մեր հարցին, թե Վարդան Հակոբյանի` փախուստի դիմելուց հետո ինչու հետախուզում չի հայտարարվում, լրատվականի աշխատակից Արմեն Մալխասյանը մեկնաբանեց նրա՝ տվյալ քրեական գործում մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակով ներգրավված չլինելու հանգամանքով:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին, երբ ոստիկանության աշխատակիցներն Անդրանիկ Զատիկյանի մահվան գործի շրջանակում գնացել էին խուզարկելու Լեդի Հակոբի եղբորորդու՝ Վարդան Հակոբյանի բնակարանը, վերջինս դիմել էր փախուստի՝ կոտրելով ոստիկանական մեքենաները»:
Շարունակությունը՝ «Հրապարակի» այսօրվա համարում: