ՀՀ ոստիկանության գրավոր պատասխանը ԳԱԼԱ-ին. Ինչպե՞ս են վրացի օրենքով գողերը կրել հայկական կեղծ անձնագրեր
Ինչպես արդեն հայտնի է, Galatv.am-ը փորձում է պարզել ՀՀ ուժային կառույցներից, թե ինչպես է ստացվում, որ Ռուսաստանի տարբեր երկրամասերում ձերբակալվում են օրենքով գողեր, ովքեր չնայած այլազգի են, սակայն ունեն հայկական կեղծ անձնագրեր և կրում են հայկական կեղծ անուն-ազգանուններ:
Նրանցից մեկը 44-ամյա վրացի օրենքով գող Դավիդ Կուրասբեդիանին է, ով ավելի հայտնի է Չուտո Խոնսկիյ կեղծանունով և ով ռուս ոստիկաններին, ովքեր ցանկացել են պարզել Կուրասբեդիանիի ինքնությունը, ներկայացրել է հայկական անձնագիր` Վահան Գրիգորյան անունով, սակայն իր լուսանկարով:
ՀՀ անձնագրով հաջորդ «օրենքով գողը» Զուրաբ Ենդելաձեն է, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Զուրաբ Քութաիսցի:
Հարց է առաջանում՝ ինչպե՞ս են հիշյալ անձիք ձեռք բերել ՀՀ անձնագիր:
Հիշյալ նյութերի հրապարակումներից հետո ի՞նչ քայլեր է կատարել ՀՀ ոստիկանությունը: ԳԱԼԱ-ն դեռ հուլիսի 23-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ ոստիկանության լրատվական վարչություն և այսօր արդեն ստացել է ՀՀ ոստիկանության պաշտոնական պատասխանը, որը, սակայն, մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը չի տալիս:
Պարզ լինելու համար ներկայացնում ենք ՀՀ ոստիկանությանը ուղարկված գրավոր հարցադրումները, իսկ այնուհետև ոստիկանության պաշտոնական պատասխանը:
Գրավոր հարցում ՀՀ ոստիկանությանը
1.Վերջին օրերին հրապարակումներ եղան երկու հայտնի օրենքով գողերի մասին, որ նրանց ձերբակալել են Ռուսաստանում: Հետաքրքիր զուգադիպությամբ նրանք երկուսն էլ ազգությամբ վրացի են, սակայն փոխել են ազգանունները՝ «դառնալով» հայ, ձեռք բերելով հայկական կեղծ անձնագրեր և հայի անուն-ազգանուն:
Ինչպե՞ս են նրանք ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն և անձնագիր:
2. Հիշյալ նյութերի հրապարակումներից հետո ՀՀ ոստիկանությունը ի՞նչ քայլեր է կատարել: Ուսումնասիրություն կատարվե՞լ է արդյոք: Այս մասին հրապարակում են ոչ միայն հայկական,այլև ռուսական, միջազգային, անգամ ադրբեջանական լրատվամիջոցները՝ դատապարտելով ՀՀ իշխանություններին, որ «պատսպարել են վրացի օրենքով գողերին՝ տալով նրանց քաղաքացիություն և անձնագիր»:
3. Կա տեսակետ, որ այս գործընթացը տեղի է ունեցել ՀՀ 2008 թ-ի նախագահական ընտրություններից առաջ, երբ Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների ՀՀ քաղաքացիություն և անձնագիր ձեռք բերելու գործընթացը հեշտացվեց: Հնարավո՞ր է այդ ժամանակ այս մարդիկ ինչ-ինչ ճանապարհներով ստացած լինեն ՀՀ անձնագիր:
4. ՀՀ ո՞ր օրենքն է այս դեպքում խախտվել և ի՞նչ պատասխանատվություն է ենթադրում:
Իսկ այնուհետ՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական պատասխանը մեր հարցադրումներին: