Ձերբակալվել է Կուբանի «նայող» Դաթո Կրասնոդարսկին
Ինչպես գրում է «Պրայմ Կրայմ» գործակալությունը, հուլիսի 31-ին Կրասնոդարի քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձերբակալվել է 29-ամյա «օրենքով գող» Դավիդ Ջանգիձեն, որը քրեական շրջանակներում ավելի շատ հայտնի է որպես Դաթո Կրասնոդարսկի։ Ձերբակալության պատճառ է հանդիսացել այն, որ քրեական հեղինակությունը գտնվել է թմրադեղերի ազդեցության տակ։ Նա ենթարկվել է 15-օրյա վարչական կալանքի։
Սակայն այս թեթև պատիժը ապագայում կարող է ավելի ծանրի վերածվել, եթե «օրենքով գողի» մոտ առաջիկայում թմրանյութ հայտնաբերվի։
«Պրայմ Կրայմի» տեղեկություններով՝ Դեդ Հասանի սպանությունից հետո վրացի «օրենքով գողերը»՝ Մերաբ Ջանգվելաձեի գլխավորությամբ, Ռոստովում և Կրասնոդարում նոր «նայողներ» էին նշանակել՝ հետագայում նրանց գողական կարգավիճակ շնորհելու հեռանկարով։ Ռոստովը վստահվել էր Լյովա Մարտիրոսին, իսկ Կուբանը՝ Դավիդ Ջանգիձեին։ Վերջինս «օրենքով գող» էր թագադրվել այս տարվա հունիսի սկզբին՝ Թուրքիայում տեղի ունեցած հավաքի ժամանակ։