Հալիձորի գյուղապետի պաշտոնին հավակնում է արդեն երկու թեկնածու

Սյունիքի մարզի Հալիձոր համայնքի ղեկավարի օգոստոսի 25-ին կայանալիք արտահերթ ընտրությանն այսօրվա դրությամբ ինքնաառաջադրված է երկու թեկնածու՝ ՀՀԿ անդամ Մարատ Գերասիմյանը և անկուսակցական Պարույր Գաբրիելյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Նույն օրը Գեղարքունիքի մարզի Ազատ համայնքում նախատեսված  ավագանու անդամի արտահերթ ընտրություններին ավագանու 5 տեղերի համար արդեն ինքնաառաջադրվել են 6 թեկնածուներ՝ 3-ական ՀՀԿ անդամներ և անկուսակցականներ:

Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջից:

Ինչպես «Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, այս համայնքներում թեկնածուների առաջադրումը սկսվել է հուլիսի 31-ին և կտևի մինչև օգոստոսի 4-ի ժամը 18-ը: Թեկնածուների գրանցումը կկատարվի օգոստոսի 4-ից 6-ն ընկած ժամանակահատվածում:

Նշենք, որ Հալիձոր համայնքի ղեկավար Սամվել Ասրյանի լիազորությունները,  ըստ կառավարության պաշտոնական տեղեկանքի, վաղաժամկետ դադարեցվել են՝ պայմանավորված առողջական վիճակի վատթարացման և երկարատև բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ հրաժարական տալու հանգամանքով: Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների՝ Ս.Ասրյանը կառավարության որոշումից մոտ երկու ամիս առաջ ընտանյոք հանդերձ հեռացել է գյուղից:

Ազատի գյուղական համայնքի ավագանու անդամի արտահերթ ընտրությունների անցկացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ  2010 թ.-ի փետրվարի 21-ին այս համայնքի ավագանու օրենքով սահմանված 5 անդամներն ընտրվել են, սակայն հետագայում նրանցից մեկը դադարել է համայնքի բնակիչ լինելուց, մյուսը ծառայության է անցել զինված ուժերում, իսկ երրորդն էլ հրաժարական է տվել: Արդյունքում՝ համայնքի ավագանու հետագա նիստերի անցկացումն անհնարին է դարձել, և ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:

Տեսանյութեր

Լրահոս