Ակտիվիստների հավաքում մի քանի հեռուստաընկերություններ անցանկալի համարվեցին
media.am-ն անդրադարձել է հուլիսի 31-ին Մաշտոցի պուրակում կայացած բաց քննարկման ժամանակ տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ «Չեմ վճարելու150 դրամ» քաղաքացիական շարժման ակտիվիստ Կարեն Հարությունյանն արգելեց «Շանթ», Հ1 և «ԱրմՆյուզ» հեռուստաընկերություններին լուսաբանել պուրակում տեղի ունեցող Հանրային խորհրդի բաց քննարկումը:
Ներկայացնում ենք հատված media.am-ի հրապարակումից:
«Հուլիսի 31-ին Մաշտոցի պուրակում կայացած բաց քննարկման ժամանակ «Չեմ վճարելու150 դրամ» քաղաքացիական շարժման անդամները դիմեցին մեդիա դաշտի որոշ ներկայացուցիչներին՝ պահանջելով նրանցից հեռանալ պուրակից ու չլուսաբանել իրենց հավաքը, պատճառաբանելով, որ նախկինում այդ ալիքներն իրենց գործունեությանը չեն անդրադարձել:
Այդ օրը տրանսպորտի թանկացման ու քաղաքապետարանի կոռումպացված աշխատակիցների դեմ պայքարող ակտիվիստներին այցելել էր Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ինչը շատ ալիքներ համարել էին կարեւոր ու լուսաբանմանը արժանի լուր: Իսկ ակտիվիստներն ընդհակառակը, դա գնահատեցին որպես իրենց գործունեությանը ոչ պատշաճ ներկայացնող լուսաբանում: «Եկել եք այստեղ, շոու եք սարքում, որ ի՞նչ անեք»,- լրագրողներին դիմեցին նախաձեռնությն անդամները եւ կոչ արեցին «Շանթ», «Արմնյուզ» եւ Հանրային հեռուստաընկերություններին լքել պուրակը:
Հանրային տարածքում տեղի ունեցած այդ միջադեպը տարատեսակ հարցադրումների սկիզբ դրեց, որոնցից առաջնայինը ինֆորմացիայի հասանելիությունն է մեդիայի համար:
Գյումրիի «Ասպարեզ» լրոգրողների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը կարծում է, որ ակտիվիստների կողմից կիրառված այս ծայրահեղ հայտարարությունն ավելի շուտ ոչ թե մանրակրկիտ պատրաստված քայլ էր, այլ էմոցիանալ պոռթկում էր:
«Ցուցարարները թույլ չտվեցին մի քանի հեռուստաընկերությունների նկարահանումներ անել եւ հարցազրույցներ ձայնագրել՝ կասկածելով, որ այդ ալիքներն իրենց ակցիաներից շոու կսարքեն ու կաղավաղեն իրենց ասածները: Այդպիսով փորձ արվեց «պատժել» այն լրատվամիջոցներին, որոնց աշխատանքից իրենք դժգոհ են: Իհարկե, այդ դժգոհությունը նոր չի ծագել, 20 տարի է մենք տեսնում ենք, թե ինչպես են ալիքները շոու սարքում, բայց ես վստահ եմ, որ նման «պատժամիջոցներով» խնդիրը չի կարգավորվի ու լրագրողի աշխատանքն էլ ավելի պրոֆեսիոնալ չի դառնա»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:
Նա համարում է, որ երկարաժամկետ կտրվածքով՝ ակտիվիստերի այդ արարքն անիմաստ է:
«Մեկ լրատվամիջոցի մուտքը պուրակ արտոնելը, իսկ մյուսինը՝ վանելը իրականում ապօրինություն է: Ցանկացած լրագորղ իր գործն է անում, այլ հարց է թե ինչպես (վատ, լավ, պատվերով)»,- ասում է Լեւոն Բարսեղյանը:
Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Գեւորգ Ալթունյանը համարում է, որ Մաշտոցի պուրակում տեղի ունեցածը բացարձակապես սխալ էր:
«Ոչ ոք իրավունք չունի արգելել լրատվամիջոցի աշխատանքը՝ անկախ նրանից ընդունում է այդ լրատվամիջոցի ուղղվածությունը, ճաշակը, ոճը թե՝ ոչ: Լրատվամիջոցների ազատ աշխատանքը ժողովրդավարության առանցքային սկզբունքներից է: Եվ ցանկալի է, որ դա գիտակցեմ ե՛ւ պետական օղակները, ե՛ւ հանրությունը»,- վստահ է Գեւորգ Ալթունյանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: