Բաժիններ՝

«Россия 1»-ում՝ Օլգա Սկաբեևայի ոչ պրոֆեսիոնալիզմի մասին

«Россия 1» հեռուստաալիքի աշխատակիցներն ու լրագրողները տեղյակ են, որ Հայաստանում գործող լրագրողների և հանրության կողմից բացասաբար են ընդունվել Նոր Մոսկվայում գրանցված ավտովթարի մասին լուսաբանումները, որոնք առնչվել են մեր հայրենակից, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին:

Այս մասին Galatv.am-ին փոխանցել են «Россия 1» հեռուստաընկերության աշխատակիցները: Հեռուստաընկերության ընդհանուր բաժնում ասել են, որ տեղյակ են այն մասին, որ մեծ աղմուկ են բարձրացրել հատկապես «Россия 1» հեռուստաընկերության լուսաբանումները, բայց ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից, և ԳԱԼԱ-ի հետ զրուցակիցը չի ցանկացել անգամ, որ հրապարակվի իր անունը: Իսկ լրատվության ծառայության աշխատակիցներից մեկը, ով ներկայացել է Յուլյա անունով, ասել է, որ ինքը տեղյակ է լրագրողների հայտարարությանը, որը հասցեագրվել է ՌԴ Ժուռնալիստների միությանը:

Հիշեցնենք, որ հայ լրագրողները որպես բողոքի նշան հայտարարություն նախաձեռնեցին, որում մասնավորապես ասվում էր.

«Ընդունեք մեր խորին ցավակցությունները հուլիսի 13-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի և 18 մարդկանց մահվան կապակցությամբ: Երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: Վերջին օրերին Ռուսաստանի Դաշնության մի շարք լրատվամիջոցներ և լրագրողներ, անդրադառնալով դեպքին, թույլ են տվել լրագրողի մասնագիտությանը ոչ հարիր էթիկայի նորմերի խախտումներ: Մասնավորապես` իրենց հրապարակումներում Հրաչյա Հարությունյանի ազգությունը նշելով՝ ակնհայտ բացասական երանգով են ներկայացրել նրա անձը` երբեմն վիրավորական արտահայտություններ հնչեցնելով նրա հասցեին: Այս հարցում աչքի են ընկել հատկապես հեռուստալրագրողները և, որ ամենացավալին է, Հրաչյա Հարությունյանի արժանապատվությունը նսեմացնող հրապարակումներով հանդես են եկել նաև պետական հեռուստաընկերության լրագրողները…»:

Լրատվական ծառայության աշխատակիցն ասել է, որ ինքը տեղյակ է նաև, որ ստորագրահավաք է կազմակերպվել և հազարավոր մարդիկ են դրել իրենց ստորագրությունը այն հանրագրի տակ, որով պահանջ է ներկայացվում ներողություն խնդրել Հրաչյա Հարությունյանից՝ նրան վիրավորելու և «Россия 1» լրագրող Օլգա Սկաբեևայի ոչ պրոֆեսիոնալ լուսաբանման համար: Յուլյան ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասել է. «Այո, ես տեսել եմ, այս մասին էլ տեսել եմ «Գազետա ռու» կոչվող կայքում, և գիտեք, իմ կարծիքով ես այն անձնավորությունը չեմ, որ իրավունք ունի պատասխանելու նմանատիպ հարցերի կամ մեկնաբանություններ հնչեցնի… Այդ մասին գիտենք, բայց ճիշտ կլիներ, և ես կարող եմ ձեզ օգնել, որ դուք գրավոր դիմեիք «Россия 1» հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենին: Իսկ Նաստյան ձեր բարձրացրած հարցի վերաբերյալ իրազեկ է և կարող է պատասխանել, նաև ձեր բարձրացրած խնդրի մասին տեղյակ կպահի հեռուստաընկերության ղեկավարությանը»:

Հիշեցնենք, որ Change.org պորտալում հաղորդում էր տեղադրվել, համաձայն որի՝ Հրաչյա Հարությունյանից ներողություն խնդրելու պահանջով «Россия 1» հեռուստաալիքին ուղղված հանրագիրը հուլիսի 21-ի դրությամբ հավաքել է 12.500 ստորագրություններ: Այս նախաձեռնության հեղինակ Նարեկ Ստեփանյանի կարծիքով «Россия 1» հեռուստաալիքով ցուցադրվող «Վեստի» հաղորդման ռեպորտաժում, որը պատմում է Նոր Մոսկվայում գրանցված ավտովթարի մասին, հնչել է ոչ կոռեկտ արտահայտություն «Կամազ» բեռնատար մեքենայի վարորդի հասցեին: «Լրագրող Օլգա Սկաբեևայի խոսքերով` ՀՀ քաղաքացի հանդիսացող Հրաչյա Հարությունյանի` ցուցմունք տալուց հրաժարվելը ընդհանրապես կապված չէ նրա առողջական վիճակից և հանդիսանում է բեմականացում: Լրագրողն ակնհայտ կերպով իրեն ագրեսիվ է դրսևորել, ինչն անթույլատրելի է լրագրողական էթիկայում. hատուկ հնչերանգով ընդգծել է Հարությունյանի ազգային պատկանելությունը, արտաբերել է նրա անունը հատուկ շեշտով, այսինքն` Հռռռռռռռռաչյա՝ Հրաչյայի փոխարեն»,- ասվում էր հաղորդագրության մեջ: և ըստ տեղեկությունների՝ ստորագրություններով փաստաթուղթը փոխանցվել է «Россия 1» հեռուստաալիքին:

Յուլյան դժվարացել է ասել արդյո՞ք նյութը լուսաբանող լրագրողին նկատողություն արել են, թե՞ ոչ, կամ հարցը արդյո՞ք բարձր մակարդակով քննարկվել է, սակայն զրուցակցի խոսքերից նկատելի է եղել, որ նրանք խնդրի և հայ հասարակության դժգոհության մասին քաջածանոթ են:

ԳԱԼԱ-ն նաև գրավոր հարցում է ուղարկել «Россия 1» հեռուստաալիքի լրատվական ծառայության տնօրենին, և սպասում է նրա գրավոր պատասխանին:

Galatv.am, Քրիստինա Մկրտչյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս