Ոստիկանապետի հիշաչարության հետևանքները. մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2011 թվականի սեպտեմբերի 23-ին մեծ աղմուկով բացահայտված հանցավոր բանդայի պարագլուխ Արտյուշա Հակոբյանի հայրը՝ Սուրիկ Հակոբյանը (հայտնի «Գառնու լավաշի» Սուրիկը), «Ժողովուրդ» օրաթերթի միջոցով բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին:
«Արդեն մի քանի ամիս է, ինչ դատավարությունը ձգվում ու երկարում է, բայց ոչ մի վկա իմ տղային մատնացույց չի արել. ոչ մի իրեղեն ապացույց չկա, բանդայի ոչ մի անդամ իմ տղային երբեք չի տեսել և միայն դատարանի դահլիճում է իմացել նրա ով լինելը»,- նշել է Ս. Հակոբյանը:
Նա նաև սենսացիոն բացահայտում է արել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մասին. «Նախկին ոստիկանապետի հիշաչարության արդյունքում ծնված գործը (պատանի տարիներին տղաս երկու անգամ հարվածել է նրան) քանի գնում, խճճվում է, և քանի գնում, մեծանում է իմ տագնապը, որովհետև օրենքի մարդիկ ամեն գնով փորձում են արդարացնել իրենց արած «հերոսությունը»:
Այսպես կեղծիքներով որոշ դուրսպրծուկներ իրենց իշխանավոր են երկրին կարգում և իրենց վարքով ազգը դարձնում են գաղթական ու վտարանդի, այսպես ոմանք իրենց անբարոյական ճահիճներում ժողովրդի բարոյականությունն են խեղդում, ոմանք էլ իրենց չարագործությունների ճիրաններում ժողովրդի լույսն են աղճատում:
Խնդրանքս, հորդորս, պահանջս, պարոն նախագահ, ազատե՛ք մեր հայրենիքը նրանց հանցավոր ներկայությունից, թույլ մի՛ տվեք, որ ազգը շնչահեղձ լինի, թույլ մի՛ տվեք, որ և՛ դատն էլ նրանցը լինի, և՛ դատաստանն էլ, ու բոլորս պարտվենք»:
Սուրիկ Հակոբյանի բաց նամակն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: