ՎՏԲ-ն «գահընկեց» է արել ԱԿԲԱ բանկին՝ խոշոր հարկատուների ցանկում
Օրեր առաջ ՊԵԿ-ի կողմից հրապարակված 1000 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել հայաստանյան բոլոր 21 առևտրային բանկերը։ Ընդ որում, նրանց հարկային ցուցանիշներից երևում է, որ 2013 թվականը բանկային ոլորտի համար վատ չի դասավորվել։
Այսպես, 21 բանկերը միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջեն են վճարել 22 միլիարդ դրամ։ Դա 6.4 միլիարդով կամ 40.8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Համեմատության համար նշենք, որ 1000 խոշոր հարկատուները միասին իրենց վճարած հարկերն ավելացրել են շուրջ 20%-ով: Այսինքն՝ բանկերի վճարած հարկերի աճի տեմպը երկու անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր հարկերի աճը։
Նշենք նաև, հարկերի աճը ընդհանուր բնույթ է կրում՝ 21 բանկերից 18-ը տարբեր չափերով ավելացրել են հարկերը։
Ամենատպավորիչ աճն արձանագրել է ՎՏԲ-Հայաստան բանկը։ Ռուսաստանյան կապիտալով աշխատող այս կառույցը այս տարվա առաջին կիսամյակում 2.5 անգամ ավելացրել է հարկերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Բանկը պետբյուջե է վճարել 2.9 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա 1.1 միլիարդի փոխարեն։
Արդյունքում՝ ՎՏԲ-Հայաստան բանկը խոշոպ հարկատուների ցանկում առաջադիմել է 24 հորիզոնականով և զբաղեցրել 14-րդ տեղը՝ առաջ անցնելով վերջին տարիների խոշորագույն հարկատու բանկից՝ ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլից։
ԱԿԲԱ-ն 13.6%-ով նվազեցրել է հարկերը և պետբյուջե վճարելով 2.4 միլիարդ դրամ՝ նահանջել է 8 հորիզոնականով։ Այդուհանդերձ, այն մնում է առաջատար հարկատու-բանկերից մեկը՝ բանկերի մեջ վճարած հարկերի ծավալով զբաղեցնելով 3-րդ տեղը։
ԱԿԲԱ-ից առաջ է անցել նաև HSBC Հայաստանը, որը նույնպես զգալի չափով՝ 66%-ով ավելացրել է հարկերը։