Բացվել է «Պատրաստված է Հայաստանում» առաջին մասնագիտացված խանութը
Երևանում բացվել է Հայաստանում թեթև արդյունաբերական արտադրանքի «Պատրաստված է Հայաստանում» առաջին մասնագիտացված խանութը, ուր վաճառվում են միայն մեր հանրապետությունում արտադրվող բարձրորակ հագուստ, կոշիկ, գուլպեղեն և այլն։
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության Թեթև արդյունաբերության ճյուղային միության ղեկավար Սուրեն Բեկիրսկին 168.am-ի հետ զրույցում դրական գնահատեց մասնագիտացված խանութի բացումը, քանի որ մինչ օրս Հայաստանում ոչ բոլոր արտադրողների արտադրանքն էր իրացվում, այլ վաճառում էին նրանք, ովքեր մեծ ներդրումներ և ջանքեր էին գործադրում։ Որոշ արտադրողներ սեփական խանութների ցանց ունեին, իսկ հիմնական մասը այլ խանութների միջոցով էին փորձում իրացնել, և «ցաք ու ցրիվ» վիճակ էր: Ս.Բեկիրսկին նշեց, որ հիմա թեթև արդյունաբերության ներկայացուցիչները միացյալ ուժերով հավաքվել են մի խանութում:
«Քանի որ գնորդը մեզ դժվար է գտնում, որոշեցինք մենք գալ գնորդին ընդառաջ: Ի վերջո, ցանկացած գնորդ առաջնորդվում է՝ համադրելով գինն ու որակը: Բայց հուսով ենք մի քիչ էլ հայրենասիրական գործոնը դեր կխաղա»,- ասաց Ս. Բեկիրսկին՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ նման խանութների առկայությունը կնպաստի, որ ՀՀ քաղաքացիները հրաժարվեն թուրքական ու չինական ապրանքից և ուշադրություն դարձնեն հայրենական արտադրանքին:
Մայրաքաղաքի «Սիլ» հյուրանոցի հարևանությամբ գտնվող նորաբաց սրահում արդեն վաճառվում են «ՏՈՍՊ», «ԼՅՈՒՔՍ», «ԼԻԴԱ», «ՄԵԼԱՆՏԵ» և «ԱՐՏՍՈՔՍ» ընկերությունների արտադրանքը։ Ծրագրի հաջող ընթացքի դեպքում նմանատիպ սրահներ կբացվեն նաև հանրապետության այլ բնակավայրերում։