Բաժիններ՝

Բենղազիում երեք ուժգին պայթյուն է գրանցվել

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիբիայի արևելքում գտնվող Բենղազի քաղաքում գրանցվել է երեք ուժգին պայթյուն: Այս մասին գործակալությանը հայտնել է Լիբիայի անվտանգության ծառայությունում եղած աղբյուրը:

Վերջինիս հաղորդմամբ՝ երեք պայթյունն էլ տեղի են ունեցել վարչական շենքերի, այդ թվում նաև դատախազության ու դատարանի անմիջական մերձակայքում:

Զոհերի ու վիրավորների մասին ոչինչ չի նշվում: Պայթյունների պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել: 2011 թվականին հենց Բենղազիում սկսվեց Լիբիայի արյունալի քաղաքացիական պատերազմը, որի արդյունքում գահընկեց արվեց և սպանվեց երկրի առաջնորդ Մուամմար Քադաֆին:

Դրանից հետո Լիբիայում շարունակ տիրում է լարված իրավիճակ: 2012 թվականի սեպտեմբերի 11-ին Բենղազիում սպանվեց ԱՄՆ դեսպանն ու դիվանագիտական առաքելության երեք ներկայացուցիչ:

Այս տարվա հուլիսի 27-ին էլ Բենղազիում սպանվեց հայտնի քաղաքական գործիչ Աբդ ալ-Սալամ Միսմարին: Դա հանգեցրեց նրան, որ նրա կողմնակիցները բողոքի ակցիաներ կազմակերպեն Բենղազիում ու Տրիպոլիում: Նույն օրը բանտերից փախուստ գործեց մոտ 1200 բանտարկյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս