Միջադեպ Հայրիկյանի մահափորձի գործով դատական նիստի ժամանակ
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակել է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Դատավոր Գագիկ Պողոսյանն ասաց, որ դատարանը ստացել է գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի միջնորդությունը, որով պաշտպանը միջորդում էր Վ. Սեդրակյանին հաղորդակցվել արտաքին աշխարհի հետ, վերացնել հեռախոսային զանգերի վրա դրված արգելանքը: Դատավոր Գագիկ Պողոսյանն ասաց, որ դատաքննությունն ավարտված է, հետևաբար այս փուլում այն քննարկվել չի կարող: Որպեսզի միջնորդությունը քննարկվեր, պաշտպանը պետք է միջնորդեր վերսկսել դատաքննությունը, սակայն Ալեքսանդր Սիրունյանը միջնորդեց այն քննության չառնել: Դատական նիստի ընթացքում գործով տուժող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը ներկայացրեց քաղաքացիական հայցը գործով ամբաստանյալների դեմ: Նա գործով երեք ամբաստանյալներից՝ Խաչատուր Պողոսյան, Սամվել Հարությունյան, Վարդան Սեդրակյան, դատավճռով հօգուտ Պ. Հայրիկյանը բռնագանձել 43 մլն 424 հազար դրամ: Գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանն առարկեց հայցի դեմ. «Փոխհատուցումը անիմաստ է, պետությունը արդեն իսկ այդ ծախսերն արել է»: Ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանն էլ ասաց, որ ինքը ևս չի ընդունում հայցը: Գործով ամբաստանյալ Սամվել Հարությունյանը ևս դեմ արտահայտվեց հայցին: Քանի որ ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը պնդեց միջնորդությունը, դատարանը քննության առավ հեռախոսային արգելանքը վերացնելու մասին միջնորդությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց միջնորդությունը՝ նկատի ունենալով, որ դրված արգելանքի հիմքերը դեռևս պահպանվում են:
Նշենք, որ նիստի ընթացքում ամբաստանյալ Խ. Պողոսյանը վրդովվեց այն ժամանակ, երբ նրա կինն ու դահլիճում ներկաներից մեկը մի քանի բառ փոխանակեցին: Ամբաստանյալը նույնիսկ հայհոյանք հնչեցրեց ներկաներից մեկի հասցեին: Միջադեպի պատճառով նիստն ընդմիջվեց. երեք մարդ հեռացվեց դատարանի դահլիճից:
Դեպքի տեսանյութը՝ այստեղ.