Մեղադրվում է դաժանաբար դին երկու մասի բաժանելու մեջ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկուշաբթի օրը նշանակված է Ս. Ե.-ի գործով դատական նիստը: Ըստ datalex տեղեկատվական համակարգի՝ Ս. Ե.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախկինում սպանություն կատարելու համար դատապարտված լինելով, 2013թ. հունվարի 3-ին, ժամը 22:00-ի սահմաններում Երևան քաղաքի «Դալմայի այգիներ» կոչվող հողատարածքում փաստացի իրեն պատկանող տանը, կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, մասնավորապես՝ իրեն դիտողություն կատարելու համար, տարբեր առարկաներով հարվածել և բազմաթիվ մարմնական վնասվածքներ է պատճառել Արա Հունանյանին:

«Դրանով իսկ ապօրինաբար, առանձին դաժանությամբ, այն է՝ զույգ աչքերի, քթոսկրերի, ձախ այտոսկրի, վերին ծնոտի, գանգի թաղի և հիմի ոսկրերի բաց, բազմաբեկորային կոտրվածքներ և այլ բազմաթիվ մարմնական վնասվածքներ պատճառելով, որոնք իրենց համակցությամբ կենդանի անձանց մոտ համարվում են առողջությանը ծանր վնաս պատճառող, կյանքին վտանգ սպառնացող և տվյալ դեպքում գտնվել են ուղղակի պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ, և խուլիգանական դրդումներով, այն է՝ օգտագործելով իրեն դիտողություն անելու աննշան առիթը, դիտավորությամբ զրկել է վերջինիս կյանքից: Դրանից երկու ժամ անց, հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով, ոտնահարելով բարոյականության համընդհանուր նորմերը և գիտակցելով իր գործողությունների առանձին դաժան բնույթը, դանակով և կացնով որովայնի մասից երկու մասի է բաժանել Ա. Հունանյանի դին և դուրս բերելով տանից՝ թաքցրել այն իր տան ետնամասում գտնվող փոսի մեջ՝ ծածկելով այն խոտերով, մետաղյա ցանկապատով ու այլ առարկաներով և փակելով տան դուռը՝ հեռացել է հողամասից ու այլևս տուն չի վերադարձել»,- նշված է մեղադրական եզրակացության մեջ:

Գործով նախագահող դատավորն Արշակ Վարդանյանն է: Մեղադրյալ Ս. Ե.-ն գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Տեսանյութեր

Լրահոս