Դանակահարված վարորդի վիրահատությունն ավարտվել է. նրա կյանքին վտանգ չի սպառնում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 67 համարի երթուղին սպասարկող դանակահարված վարորդը՝ 1980-ին ծնված Ալեքսան Ղազարյանը, գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
168.am-ի հետ զրույցում«Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության բաժնի ղեկավար Շուշան Հունայնանն ասաց, որ Ալեքսան Ղազարյանն արդեն վիրահատվել է. վիրահատությունն ավարտվել է մեկ ժամ առաջ:
«Վերքը շատ խորը չի եղել: Վիճակն արդեն լավ է, տեղափոխվել է հիվանդասենյակ: Բոլոր նախավիրահատական և հետվիրահատական հետազոտություններն անցել է: Ինքը մեկ-երկու օր կմնա հիվանդանոցում, ապա դուրս կգրվի: Վիճակը նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում»,- մեզ հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը: Շուշան Հունանյանն ասաց նաև, որ վարորդը ստացել է դանակի մեկ հարված՝ ուսի մասում: